Ֆեյք թեմա է, կա կարգապահական վարույթ, կքննարկվի. Արթուր Հովհաննիսյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հետ կապված լուրերի մասին

Տեղեկությունից տառ անգամ չի համապատասխանում իրականությանը, և նման բան չկա:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, որոնց համաձայն խմբակցությունը մտադիր է Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից զրկելու հարց բարձրացնել։

Հարցը, ըստ Հովհաննիսյանի, գտնվում է ՔՊ վարչության տիրույթում և ինքը իրավասություն չունի մեկնաբանել:

«Կա կարգապահական վարույթ, որը պետք է քննարկվի։ Արդեն հանրային ձևաչափով խոսել ենք սրա մասին, ես ավելացնելու բան չունեմ։ Մենք ասել ենք, որ այդ հարցերը քննարկվելու են կուսակցության կանոնադրության համաձայն: Սա ամբողջությամբ ֆեյք թեմա է, պարոն Քոչարյանը մեր լավ, ավագ գործընկերն է, հանձնաժողովում լավագույնս կատարում է իր աշխատանքը»,-ասել է նա։

Ավելի վաղ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ևս հերքել էր այդ տեղեկությունները:

Կիսվել սոց․ ցանցերում