Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրությունների օրը Մառնեուլի շրջանի ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկները քվեատուփ լցնելու համար երկու քաղաքացու ձերբակալության մասին։
«Հետաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մառնեուլիի մունիցիպալիտետի Սադդուլի գյուղի թիվ 69 ընտրատեղամասում քաղաքացին, խախտելով օրենքը, քվեաթերթիկներ է դրել քվեատուփի մեջ»- ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ լցոնումների պատճառով այդ տեղամասում քվեարկությունը դադարեցվել է, իսկ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել։
«Կատարված քննչական գործողությունների արդյունքում Ռ.Ի.-ն և Թ.Ե.-ն բերման են ենթարկվել որպես մեղադրյալ»,- ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։
Վրաստանի ԿԸՀ-ն արձագանքել է «հայկական կարուսելի» մասին Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերին։
«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունն այն մասին, թե հոկտեմբերի 26-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իբր օգտագործվել է «հայկական կարուսել», ուղղված է ընտրությունների արդյունքների վարկաբեկմանը, իրականությանը չընդունելուն: Նախագահը վարկաբեկում է էլեկտրոնային ընտրական տեխնոլոգիաները չհիմնավորված և կեղծ մեղադրանքներով, ինչն անվստահություն է առաջացրել տեխնոլոգիաների նկատմամբ»,- հայտարարել է ԿՀԸ-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի դատախազությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կանչել է հարցաքննության՝ հնարավոր ընտրակեղծիքների մասին նրա հայտարարությունների պատճառով։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հերթին հայտարարել էր, որ եթե Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չգնա դատախազություն հարցաքննության, դա կլինի նրա հայտարարությունների կեղծ լինելու ապացույցը։
