Հայաստանի և Վրաստանի միջև սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցության շրջանակներում Թբիլիսիում կայացել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության պարենի ազգային գործակալության պետ Գեորգի Իակոբաշվիլիի և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հանդիպումը։
Քննարկվել են սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի, անասնաբուժության բնագավառներում և սահմանային անցակետերում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացմանն առնչվող ընթացիկ հարցերը՝ ընդգծելով հատկապես ամանորյա տոներին ընդառաջ առևտրաշրջանառության ակտիվացման պայմաններում ներմուծվող և արտահանվող ապրանքների նկատմամբ իրականացվող ստուգումները խստացնելու անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել բուսական և կենդանական ծագման հայկական արտադրանքի՝ Վրաստան արտահանման, ինչպես նաև Վրաստանի տարածքով դեպի այլ երկրներ տարանցիկ փոխադրումներին, երկու երկրների տարածքում կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությանը վերաբերող հարցերին։
