Մաթևոսյանը Սթիլին ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու ՀՀ-ի թեկնածությունն ու պատրաստակամությունը

COP31-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլի հետ։

ՇՄՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը։

«Անդրադարձ է կատարվել Երևանում կայացած COP17-ի արդյունքներին, համաժողովի կազմակերպման և բազմակողմ բանակցությունների վարման ընթացքում Հայաստանի ձեռք բերած փորձին ու հաջողություններին։

Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ COP34-ը հյուրընկալելու Հայաստանի նախաձեռնությունը նաև համաշխարհային կլիմայական գործողություններին նպաստելու կարևոր հնարավորություն է։

Նախարարը կարևորել է կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության և կլիմայական ֆինանսավորման ուղղությամբ ստանձնած հանձնառությունների իրականացումը՝ առանձնացնելով լեռնային երկրների խոցելիությունն ու հարմարվողականության կարիքները։

Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է թեկնածության գործընթացի հետագա քայլերին:

Նախարարը վերահաստատել է Արևելաեվրոպական խմբի անդամ երկրների և Կոնվենցիայի քարտուղարության հետ բաց ու կառուցողական համագործակցություն ծավալելու Հայաստանի պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում