Նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նիստը, որտեղ, համաձայն որոշման, Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից և իր ներկայացուցիչներին պատասխանատու պաշտոններում նշանակելու հնարավորությունից։
Համաձայն հիմնավորման՝ այդ որոշման պատճառ է դարձել այն, որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները: Սակայն այս որոշումից հետո անգամ չեն դադարում Մոսկվայից և Բելառուսից հնչող սպառնալից հայտարարությունները։
Մասնավորապես Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Հայաստանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Իսկ Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության փակ և գաղտնի բնույթ կրող փաստաթղթերին։
Նշենք նաև, որ դեռևս նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են»։
Քաղաքագետ Առնոլդ Բլեյանի խոսքով՝ ցանկալի կլիներ, որ Հայաստանին ընդհանրապես հեռացնեին ՀԱՊԿ-ի կազմից, ցավոք դա տեղի չունեցավ, բայց սպասելի էր, որ այդ կառույցից արձագանք պետք է լիներ, և փաստորեն որոշեցին մեզ հետզհետե հեռացնել ՀԱՊԿ-ից։
«Ինչպես մենք ասում էինք՝ ոչ թե մենք ենք հեռանում ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռանում տարածաշրջանից։ Իրականում դա մի կառույց է, որտեղից մենք վաղուց պետք է դե յուրե դուրս եկած լինեինք, այնուամենայնիվ ցանկալի է իհարկե, որ իրենք հեռացնեն մեզ, բայց տեսնենք, թե որը առաջինը կլինի։ Ի դեպ, Ուզբեկստանը նման գործելաոճ էր որդեգրել, երբ իրեն ստիպված հեռացրին ՀԱՊԿ-ից։ Տարբերությունն այն էր, որ Ուզբեկստանը պարզապես խոչընդոտում էր ՀԱՊԿ-ի աշխատանքներին, քանի որ չէր միանում փաստաթղթերի ստորագրմանը, ի տարբերություն Հայաստանի։ Եվ ստիպված նրան հեռացրին»,- ասաց քաղաքագետը։
Մեկնաբանելով Վալենտինա Մատվիենկոյի հայտարարությունը՝ Առնոլդ Բլեյանն ասաց, որ մենք տուժում էինք, երբ այդ կառույցում էինք, և փաստացի մենք տուժեցինք, որովհետև այդ կառույցը ոչ միայն ռազմական օգնություն չցուցաբերեց Հայաստանին 2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին, առավել ևս 2022 թվականի սեպտեմբերին, այլև նույնիսկ քաղաքական աջակցություն չհայտնեցին հօգուտ Հայաստանի, դեռ ավելին՝ եկան Հայաստան, ուսումնասիրեցին և պարզեցին, որ չգիտեն՝ Ջերմուկի տարածքները արդյոք ՀՀ տարա՞ծք են, թե՞ Ադրբեջանի Հանրապետության տարածք, քանի որ սահմանը հստակեցված չէ։ Քաղաքագետի խոսքով՝ ի տարբերություն դրան՝ եվրադիտորդները եկան, գտան սահմանը, տեղակայվեցին և առայսօր տեղակայված են։
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան ռուսերեն գրառմանը՝ ՀԱՊԿ-ում մեզ ձայնից զրկելու վերաբերյալ, Առնոլդ Բլեյանն ասաց․ «Այո, ճիշտ է ասում։ Մենք ՀԱՊԿ-ի անդամ էինք և օգուտ չտեսանք։ Ընդ որում, երբ ես ասում եմ ՀԱՊԿ, նաև նկատի ունեմ Հայաստան-Ռուսաստան 1997 թվականի փոխօգնության պայմանագիրը, որով նույնպես մենք դիմել էինք ՌԴ-ին, որպեսզի իրենք երկկողմ ձևաչափով, ըստ այդ պայմանագրի և ռազմաբազայի դրույթների, գան և պաշտպանեն ՀՀ տարածքը, որի համար մենք վճարում ենք այդ ռազմաբազային։ Այսինքն՝ իրենք նույնիսկ պայմանագիր են խախտել։ Մենք իրենց վճարում ենք, որպեսզի իրենք ապահովեն մեր անվտանգությունը, մեր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանային անխախտելիությունը, և իրենք թերացել են»,- նշեց Առնոլդ Բլեյանը։
Ի հավելումն նա ասաց, որ հայ-ռուսական հարաբերությունները նույնպես պետք է վերանայման ենթարկվեն և դրանք վերանայվում են, այդ թվում՝ ռազմաբազայի կտրվածքով։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան
