ՀՀ-ն կարողացել է կրկնապատկել Իրանի հետ առևտրաշրջանառությունը՝ հասցնելով 700 մլն դոլարի. Պապոյան

ՀՀ-ն կարողացել է կրկնապատկել Իրանի հետ առևտրաշրջանառությունը: Մինչև վերջին տարիները Հայաստանի առևտրաշրջանառությունը մոտ 300 մլն դոլարի շրջանակում է տատանվել, բայց վերջին տարիներին այն կրկնապատկվել է, դարձել 700 մլն դոլար: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն ԵԱՏՄ միակ երկիրն է, որ Իրանի հետ ուղիղ սահման ունի:

 

Նախարարն արձանագրեց՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրաշրջանառության 13.5 տոկոսն է սպասարկում:

«Սա ցույց է տալիս, թե աշխարհագրորեն մոտ լինելն ինչքան կարևոր է:

Ուզում եմ նաև ուրախությամբ արձանագրել, որ մենք ԱՄԷ-ի հետ ամենամոտ երկիրն ենք տարածքային առումով, և սա մեզ համար հսկայական հնարավորություններ է բացում տուրիստական, առևտրային և այլ հարաբերությունների մասով»,- ասաց նախարարը:

Պապոյանը նաև հիշեցրեց՝ նախկինում Իրանի մաքսատուրքը 23 տոկոս էր, հիմա իջել է մինչև 8,3 տոկոսի:

«Իրանն ունի շատ մեծ էներգետիկ ռեսուրսներ, և այդ էներգետիկ ռեսուրսները հնարավորություն են տալիս Իրանին ցածր գներով մրցունակ ապրանքներ ստանալ:

Շատ դժվար է լինում իրականում թափանցել իրանական շուկա, օբյեկտիվորեն շատ դժվար է լինում: Հիմա նաև այս հնարավորությունը (8,3 տոկոսի [իջեցումը] 23-ից)՝ 3 անգամ մաքսատուրքերի իջեցումը, լավ հնարավորություն է հայ տնտեսվարողների համար՝ փորձելու համար թափանցել իրանական շուկա»,- ասաց նախարարը:

Կիսվել սոց․ ցանցերում