Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրшմիջոցներ. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն են իրացրել Աբովյանի քննչական բաժնի, ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների և մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ:

Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, հոկտեմբերի 30-ին Երևանի Թևոսյան փողոցում, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել և, իրենց վարած «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին են ներկայացվել 52 և 53 տարեկան երկու տղամարդիկ:

52-ամյա տղամարդու մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոց:

Փաստերի ճնշման տակ 53-ամյա տղամարդը չի ժխտել, որ մեքենայում եղած սուբուտեքսը 10 հազար դրամով գնել է Ջրվեժ գյուղում`իր ծանոթից:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հայտնաբերվել ու այս դեպքում արդեն թմրամիջոց ապօրինի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է նաև Ջրվեժի 56-ամյա բնակիչը և, իր վարած «Մերսեդեսով» հանդերձ, տեղափոխվել բաժին:

Վարույթի շրջանակներում նույն օրը 56-ամյա տղամարդու բնակության վայրում կատարվել է խուզարկություն. հայտնաբերվել են 1 կգ 452 գրամ մարիխուանա, 15 գրամ մեթամֆետամին, 2,5 գրամ կոկաին, մեկ գրամ հերոին, 2 գրամ հաշիշ, մեկուկես հաբ սուբուտեքս և 170 մլ մեթադոն տեսակի թմրամիջոցներ ու հոգեմետ 110 դեղահաբ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Կիսվել սոց․ ցանցերում