Կանադայի կառավարությունը TikTok Technology Canada ընկերությունից պահանջել է դադարեցնել գործունեությունը երկրում՝ ազգային անվտանգության ռիսկերի պատճառով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Կանադայի իշխանությունները չեն հստակեցրել, թե ազգային անվտանգության ինչ վտանգ է ներկայացնում TikTok-ի տեղական գրասենյակի աշխատանքը։ TikTok-ն իր հերթին հայտարարել է, որ տեղական գրասենյակների փակումը և «հարյուրավոր» աշխատատեղերի կրճատումը «որևէ մեկի շահերից չի բխում»: Չինական ByteDance ընկերությանը պատկանող սոցիալական ցանցը նախատեսում է վիճարկել Կանադայի կառավարության այս որոշումը։
Նշվում է, որ, չնայած այս պահանջին, Կանադայի իշխանությունները չեն արգելափակի օգտատերերի մուտքը հավելված և չեն արգելելու նրանց բովանդակություն հրապարակել։
Օտտավայի համալսարանի ինտերնետ իրավունքի պրոֆեսոր Մայքլ Գեյսթը կարծում է, որ TikTok-ի գասենյակի, բայց ոչ հավելվածի գործունեության արգելումը կարող է միայն վատթարացնել իրավիճակը, քանի որ ծառայության հետ կապված ռիսկերը չեն վերանա, այլ ավելի դժվար կլինի պատասխանատվության ենթարկել ընկերությանը։
Անցյալ տարի Կանադան արդեն արգելել էր TikTok-ի օգտագործումը պետական պաշտոնյաների սարքերում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
TikTok-ը խնդիրների է բախվում նաև ԱՄՆ-ում, որտեղ այն թեև ամբողջությամբ չի արգելվել, սակայն զգալի քայլեր են արվել դրա օգտագործումը սահմանափակելու ուղղությամբ՝ կրկին ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: ԱՄՆ կառավարությունը երկար ժամանակ անհանգստացած է Չինաստանի հետ TikTok-ի կապերով, քանի որ այն պատկանում է չինական ByteDance ընկերությանը: Մտահոգություններ կան, որ օգտատերերի տվյալները կարող են հասանելի լինել Չինաստանի կառավարությանը։
2020-ին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գործադիր հրամաններ արձակեց՝ փորձելով արգելել TikTok-ը: Այս հրամանները հետագայում Ջո Բայդենի վարչակազմը չեղարկեց։ 2024-ի ապրիլի 24-ին Բայդենը ստորագրեց օրենսդրություն, որը պահանջում է ByteDance-ը կամ վաճառել TikTok-ը ամերիկյան ընկերությանը կամ փակել հավելվածը մեկ տարվա ընթացքում: ByteDance-ը համարում է, որ օրենքը հակասահմանադրական է և բողոքարկել է այն։
