Վահան Քերոբյանը մտահոգված է անվտանգության նորմերի պահպանմամբ
Օգոստոսի 22-ին Lragrogh.com-ը նամակ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում մասնավորապես նշել էր․ <Մենք ստանում ենք տարաբնույթ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպումներ եւ զրույցներ, ինչպես նաեւ՝ նեղ շրջանակներում, զրույցներ ու քննարկումներ է ունենում տարբեր միությունների եւ ասոցիացիաների հետ։ Տեղեկություններ ունենք նաեւ, որ նա տնտեսավարողներին հորդորում է, որ՝ <ծախսեր կարող եք չանել հրդեհային անվտանգության եւ աշխատանքի ու աշխատողի անվտանգության նորմերը պահպանելու համար, դրանց այդքան էլ խիստ չենք նայում, կարող եք այդ հարցերը չկարգավորել պատշաճ ձեւով, իզուր ծախսեր մի՛ արեք, կարեւորը տնտեսական աճն ապահովելն է>։ Հիմա առաջանում են հարցեր՝ արդյո՞ք մենք ուզում ենք, որ օր ու մեջ դեպքեր եւ պատահարներ գրանցվեն հանրային օբյեկտներում տնտեսավարողների մոտ։ Արդյո՞ք Վահան Քերոբյանը իրավասու է իրեն վերապահված շրջանակներից դուրս, ինչպես նաեւ՝ իր լիզորություններից դուրս, գործառույթներ իրականացնել եւ իր այդ տարօրինակ որոշումներով չի՞ տապալում ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ կառավարության բազմաթիվ օրենքներ եւ Ձեր բազմաթիվ կարգադրություններ եւ որոշումներ հրդեհային անվտանգության ոլորտում, աշխատանքի եւ առողջապահության ոլորտներում>։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանն, արձագանքելով մեր հարցմանը, պատասխանել է․ <Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված Ձեր գրության՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տնտեսավարողների, գործարար միությունների եւ ասոցիացիաների ներկայացուցիչների հետ հանդիպումների, ինչպես նաեւ՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տված հարցազրույցների եւ ճեպազրույցների ընթացքում, ընդհակառակը, բազմիցս նշել է տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերի պահպանման եւ ընդունված ստանդարտներին համապատասխան գործելու անհրաժեշտության մասին։
Հարկ ենք համարում նշել, որ նախարարությունը մեծապես կարեւորում է, որպեսզի Հայաստանում բիզնես գործունեություն իրականացնող տնտեսավարողներն իրենց գործունեությունը կարողանան վարել գրագետ կերպով, հետեւեն գործող ստանդարտներին, պահպանեն անվտանգության բոլոր չափանիշները, ունենան անհրաժեշտ ռեսուրսներ՝ ապահովագրելու համար իրենց գույքը, շրջանառու միջոցները, նվազեցնելու համար հնարավոր ռիսկերը, ինչը պատշաճ վերահսկողության եւ ստանդարտների համապատասխանության ստուգման արդյունքում հնարավորություն կընձեռի բարելավել քաղաքացիների կյանքի որակը, միաժամանակ ապահովելով տնտեսավարողների կողմից անվտանգային բոլոր նորմերը եւ չափանիշների պահպանությունը։ Միաժամանակ խնդրում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն, թե կոնկրետ ե՞րբ եւ ի՞նչ հանդիպման ընթացքում են հնչեցվել նախարարին վերագրվող, Ձեր կողմից նշված խոսքերը, եթե այդպիսի հանդիպում իրոք տեղի է ունեցել>։
Փաստորեն նախարար Քերոբյանը հետեւողական է, որպեսզի տնտեսավարողները պահպանեն անվտանգության նորմերն ու ընդունված ստանդարտները, մնում է, որ նույն հետեւողականությունը ցուցաբերեն իրենք՝ տնտեսավարողները, որպեսզի իրենց անփութությունը մարդկային կյանքեր չարժենա։
