Երևանի հանրային տրանսպորտի համար ներկրված 171 ավտոբուսներն արդեն Հայաստանում են։ Այդ մասին հայտարարվեց քաղաքապետարանի նոյեմբերի 11-ի գործակարգավարական նիստին։
Ավտոբուսները, սակայն, դեռևս երթուղի դուրս չեն եկել։ Ներկայում իրականացվում են մաքսազերծման աշխատանքներ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը համապատասխան վարչություններին հանձնարարեց ներկայացնել, թե ինչ ուղղություններով կաշխատեն այդ ավտոբուսները։
Զեկուցվեց նաև, որ առաջիկա ավագանու նիստին ավտոբուսները Երևանին փոխանցելու վերաբերյալ նախագիծ կներկայացվի։
«Երևանը, և մասնավորապես՝ հանրային տրանսպորտը, միայն այս տարի 8,5 մլրդ դրամ դեֆիցիտ է ունեցել՝ պայմանավորված նոր շարժակազմով, նոր որակի տեխնիկայով և այլ հանգամանքներով։ Այդ գումարը կազմում է Երևանի քաղաքի եկամուտների մոտավորապես 15 տոկոսը։ Երբ ասվում է, որ Երևան քաղաքը պետք է սուբսիդավորի, այդպես էլ արվում է։ Այս նոր ավտոբուսները նույնպես էականորեն կավելացնեն ծախսը։ Այդ առումով շատ կարևոր է միասնական տոմսային համակարգին անցնելը»,- ասաց քաղաքապետը։
