Երկուշաբթի՝ նոյեմբերի 11-ին, կրիպտոարժույթների շուկան ականատես եղավ հիմնական կրիպտոարժույթի՝ բիթքոյնի գնի արագ աճի: Առավոտյան բիթքոյնն արժեր 81,000 դոլարից մի փոքր ավելի, սակայն օրվա ընթացքում գերազանցեց բոլոր ժամանակների մի քանի ռեկորդներ:
Նյութի հրապարակման պահին առաջին կրիպտոարժույթը գերազանցել է 89,500 դոլարի մակարդակը՝ շատ մոտ լինելով 90,000 դոլարի նշագծին, անցած տարվա ընթացքում բիթքոյնի աճը գերազանցել է 110%-ը:
Հասնելով նոր բարձունքների՝ բիթքոյնը շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշով շրջանցել է արծաթին՝ ամրապնդելով իր դիրքերը համաշխարհային ֆինանսական ակտիվների շարքում: Այսօր այն գրավում է ավելի ու ավելի շատ ինստիտուցիոնալ ներդրողների և խոշոր ընկերությունների, որոնք բիթքոյնը դիտարկում են որպես պորտֆելի դիվերսիֆիկացման և գնաճի պաշտպանության արդյունավետ գործիք:
Բիթքոյնի գնի բարձրացումը պայմանավորված է ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակով, ինչից հետո շուկայում դրական սպասումներ են առաջացել։ Բանն այն է, որ իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը դրական է խոսել թվային ակտիվների մասին՝ խոստանալով Միացյալ Նահանգները դարձնել «մոլորակի կրիպտո մայրաքաղաք» և կուտակել բիթքոյնի ազգային պաշար:
