ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԴԻԱՆԱՅԻՆ ԳՐԵԼ ԷԻՆ` ՀԱՋՈՐԴԸ ԴՈՒ ԵՍ, ՊԱՏՐԱՍՏՎԻՐ` ՔԵԶ ՍՊԱ ՆԵԼՈՒ ԵՆՔ

Հարցազրույց

ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԴԻԱՆԱՅԻՆ ԳՐԵԼ ԷԻՆ` ՀԱՋՈՐԴԸ ԴՈՒ ԵՍ, ՊԱՏՐԱՍՏՎԻՐ` ՔԵԶ ՍՊԱՆԵԼՈՒ ԵՆՔ
Հայկ Գևորգյան12 Նոյեմբեր 2024 | 20:15
Facebook Twitter

Հայաստանը «Miss Star International» գեղեցկության մրցույթում, որը կկայանա այս տարվա դեկտեմբերին` Բրազիլիայում, ներկայացնելու է տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը: Սա «տրանսգենդերների ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթն է», — նշված է նրանց պաշտոնական էջում։ Ղզրոյանի մասնակցության լուրից, ինչպես նաև նրա տված հարցազրույցներից հետո հասարակությունը բավականին բուռն ու ագրեսիվ ընդունեց այն փաստը, որ Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցելու է տրանսգենդերների գեղեցկության մրցույթին:

Թեպետ քիչ չէին նաև գրառումներով Դիանա Ղզրոյանին ոգևորողները, սակայն թե լրատվական կայքերի և թե Ղզրոյանի ֆեյսբուքի էջում գերակշռում էին հայհոյախառն գրառումներն ու պարսավանքի խոսքերը:

«Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմում է, որ բանը հասել է նրան, որ Դիանա Ղզրոյանը Հայաստանից հեռացել է: Ըստ նրա` Դիանան այնքան սպառնալիքներ է ստացել, որ Հայաստանում իրեն անապահով է զգացել, ինչից հետո տեղափոխվել է Վրաստան: Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը նաև ասում է, որ սպառնալից մեկնաբանությունները ներկայացրել է Գլխավոր դատախազություն, իսկ Քննչականը դատախազություն ներկայացրած հաղորդման հիման վրա վարույթ է նախաձեռնել: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հետ:

— Ովքե՞ր են սպառնացել, ի՞նչ սպառնալիքներ են հղել: Նշում եք, որ Դիանան Վրաստան է տեղափոխվել, փաստորեն Վրաստանում ռուսամետ իշխանություն ունեն, բայց տրանսգենդերներն ավելի ապահով են իրենց զգում, քան արևմտամետ Հայաստանում:

— Դիանան պետք է լքեր երկիրը, քանի որ այն աստիճան էր լրջացել խնդիրը, որ ուղիղ սպառնալիքներ էր ստանում, կան սքրինշոթեր: Դիանային գրել էին, որ Վրաստանում սպանված տրանսգենդեր Կեսարիայից հետո դու ես հաջորդը, պատրաստվիր, ընտանիքին էին վիրավորում, Դիանայի եղբորը և այլն:

— Այսինքն` զուտ մեկնաբանությունների համար է հեռացել Հայաստանից: Որևէ առարկայական սպառնալիք չի եղել:

— Նրա տան տեղը շատերը գիտեին, նա վախենում էր, որ կարող են իր տուն գնալ և վնասել իրեն: Ես դիմել եմ Գլխավոր դատախազություն, գործին կցելով նաև հենց այդ բնույթի սքրինները: Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել սքրինների հիման վրա: Սպառնալիքներ գրողները ռեալ մարդիկ էին, այլ ոչ թե ֆեյք էջեր: Դիանայի հոգեկան վիճակի վրա ազդել է այդ ամենը: Ամիսներ շարունակ նա հոգեբանական տեռորի է ենթարկվել: Անգամ մի լրագրող գնացել էր Դիանայենց գյուղ, հարևանների հետ խոսել և մի անմակարդակ նյութ պատրաստել: Լրագրողը ինչպես կարող է հարևանների հետ բամբասել և դա նյութ համարել` այն դեպքում, երբ Դիանան ամեն անգամ շեշտել է, որ ընտանիքի հետ ոչ մի կապ չունի, հարևանների արձագանքը սարսափելի էր ուղղակի: Անգամ եղբոր ընկերներն էին գրել Դիանային, ասել էին` եղբայրներդ կարգին տղաներ են, դու ինչի այսպես եղար: Հույս ունեմ, որ իրավապահ մարմինները կօգտագործեն իրենց հնարավորությունները և կանեն ամեն ինչ, որպեսզի սպառնալիք գրողները պատասխանատվության ենթարկվեն: Այսպես չի կարող շարունակել: Մեր հասարակությունը դուրս է եկել իրար դեմ: Տեսնենք, թե ինչ կլինի:

 

Կիսվել սոց․ ցանցերում