Տեսանյութ․ՌԴ ԱԳ նախարարը մեկնաբանություն է անում՝ ելնելով իր երկրի տեսլականից, որը տարբերվում է մերից. Միրզոյան

«Ընդհանրապես ամեն երկրի ԱԳ նախարար մեկնաբանություն է անում՝ ելնելով իր երկրի տեսլականից, շահերից և պատկերացումներից և, ըստ ամենայնի, իմ ՌԴ գործընկերը ներկայացրել է ՌԴ տեսլականը»:

Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի այն դիտարկմանը, ըստ որի՝ թեև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև գրեթե 4 տարի գնում է հարաբերությունների կարգավորման գործընթաց, և կողմերն ասում են, որ պայմանագրի գրեթե 80 տոկոսը պատրաստ է, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է. «Հաշվի առնելով երկու կողմերի երկարամյա թշնամությունը, պատերազմական գործողություններն ու զոհերը՝ հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար առաջընթացի հասնել, ուստի ի տարբերություն կեղծ արևմտյան միջնորդների՝ մենք մեր գործընկերներին չենք դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել: Վաղաժամ խաղաղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը՝ դա կստեղծի պոտենցիալ էսկալացիայի լրացուցիչ ռիսկեր»:

Արարատ Միրզոյանն ասաց, որ կարող է ներկայացնել ՀՀ տեսլականը, որը տրամագծորեն տարբերվում է վերոնշյալ տեսլականից. «Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ շուտափույթ և համակողմանի խաղաղության կնքման բոլոր ուղղություններով: Կկրկնեմ՝ մենք աշխատում ենք ադրբեջանական կողմի հետ թերևս վերջին երկու հոդվածների վրա, և, իմ տպավորությունններով, մենք մոտ ենք վերջնական լուծմանը և պայմանագրի կնքմանը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում