Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, եթե նրանք դա ցանկանան։
Այս մասին Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Եթե լինի շահագրգռվածություն, օրինակ, որ Վրաստանը որպես միջնորդ կամ էլ ավելի ակտիվ ներգրավվի բանակցությունների ապահովման գործընթացում, մենք միշտ արձանագրում ենք մեր պատրաստակամությունը: Եթե կա համապատասխան հետաքրքրություն, մենք պատրաստ ենք մեր օգնությունն ու աջակցությունն առաջարկել երկու հարևան երկրին (Ադրբեջանն ու Հայաստանը)»,- ասել է Կոբախիձեն։
Նախկինում Վրաստանը մեկ անգամ չէ, որ միջնորդ է հանդես եկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
Մասնավորապես, Վրաստանի միջնորդությամբ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստան տեղափոխեց 15 գերեվարված զինվորական, իսկ Երևանը Բաքու ուղարկեց ականապատ քարտեզներ։ Միջնորդության մեկ այլ օրինակ էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 16-ին Թբիլիսիում։
2023 թվականի հոկտեմբերին էլ Թբիլիսիում առաջին անգամ տեղի ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի վարչապետների եռակողմ հանդիպումը։
