Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ աշխատանքային բոլոր ձևաչափերից:
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին։
«Ավագ դիվանագետին հարցրել են՝ արդյոք Հայաստանի համար հնարավորություն կա մասնակցելու ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը, որին ի պատասխան Պանկինն ասել է, որ հարցը պետք է ուղղել հայկական կողմին, սակայն, դատելով հայկական կողմի հայտարարություններից, այս փուլում նա հեռանում է ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերին մասնակցելուց»,- գրել է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության միջազգային ֆորումում ասել էր, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։ Միրզոյանը նաև հիշեցրել էր, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ինչպես նաև չի պատրաստվում վերադառնալ նախկինում եղած հարաբերություններին․ «Մենք մեզ չենք տեսնում ռազմական դաշինքում, որը չի աշխատում»,- ասել էր նա:
