ՊԵՐՍՈՆԱ ՆՈՆ ԳՐԱՏԱ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ. ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մուտքն արգելվել է Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» տնային խաղերում:

««Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ ամոթալի որոշմանը, բայց հանգամանքները հակառակը ստիպեցին: Մոտ 3 ամիս առաջ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում զանգ հնչեց «Նոայի» ներկայացուցչից, որի անունը չեմ ցանկանում բարձրաձայնել այս պահին… տեղեկացվեց, որ իմ մուտքը` Աբովյանում կայանալիք իրենց տնային խաղերին արգելված է: Իսկ պատճառը` այս տարվա մայիսին Շենգավիթում կայացած խաղի ելքն էր, որը ես ու իմ թիմը տարավ` օգտագործելով իմ սիրելի ֆիլմից` Գլադիատորից, որոշ դրվագներ ու ևս մեկ գաղտնիք` ես որպես գլխավոր մարզիչ, թիմիս մոտիվացնելու տարբեր մեթոդներ ունեմ: Նոայում այդ փաստը, ըստ երևույթին, շատ ցավագին են ընդունել ու որոշել պատժամիջոց կիրառել իմ նկատմամբ` զրկելով ինձ այն մարզադաշտ մուտքից, որտեղ ես թողել եմ իմ առողջությունը` պաշտպանելով Հայաստանի հավաքականի գույներն ու մեր երկրի դրոշը:

Եթե «Նոայից» փորձեն հերքել անձնական վրեժխնդրությունը և կապել սա այլ թեմաների հետ, կներկայացնեմ փաստեր:

Կոչ եմ անում այս ակումբին լինել զուսպ և համեստ: Ֆուտբոլի հիմքում ընկած է հարգանքը և այլ բազում արժեքներ, բայց վերջում միայն ֆինանսները»,- հայտարարել է Եղիշե Մելիքյանը:

««Փյունիկ» Ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը մեկ տարվա ընթացքում դրսևորել է ոչ սպորտային վարքագիծ և տարածել զրպարտիչ ու չհիմնավորված հայտարարություններ «Նոա» ֆուտբոլային ակումբի և նրա ղեկավարության հասցեին: Բացի այդ, խտրական վերաբերմունք է ցուցաբերվել այն երեխաների նկատմամբ, ովքեր «Փյունիկից» տեղափոխվել են մեր ակումբ: Վերը նշված պատճառներով մեր ակումբի կողմից անցանկալի անձինք (persona non grata) են հայտարարվել «Փյունիկի» այն ներկայացուցիչները, ովքեր աջակցել են կամ չեն դատապարտել անչափահասների հանդեպ իրականացված անօրինական քայլերը։ Հորդորում ենք զուսպ լինել հայտարարություններում»,-արձագանքել են «Նոայից»:

 

Կիսվել սոց․ ցանցերում