Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Գյումրիում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պաշտոնատար այլ անձինք:
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի վերաբերյալ նշվել է, որ աճը 2021 թվականի համեմատ 2022 թ.-ին կազմել է 16.3 տոկոս. 2022թ.-ին փաստացի հավաքագրվել է 3 մլրդ 346.3 մլն դրամ:
Տեղեկատվություն է ներկայացվել 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 203 ծրագիր, 435 ենթածրագիր: Այդ ժամանակահատվածում իրականացված 175 ծրագրերի համար, ընդհանուր առմամբ, հատկացել է 8.9 մլրդ դրամ: Մասնավորապես, իրականացվել են հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝ ջրամատակարարում/ջրահեռացում, ասֆալտապատում, գազիֆիկացում, մանկապարտեզների, հասարակական շենքերի նորոգում, մեքենասարքավորումների ձեռքբերում և այլն: 2023 թվականի համար հաստատվել է 32 ծրագիր, 130 ենթածրագիր՝ 9 մլրդ 500 մլն դրամի:
