Ինչպես էր 68-ամյա պացիենտը ֆարմալին խմել և մшհացել. ո՞վ է մեղավոր

Վերջերս  լրատվական կայքերում հրապարակվել էր մի լուր, ըստ որի` 68-ամյա կինը  «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում  հետազոտվելուց հետո ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված նյութ է խմել եւ տեղում մահացել:

Հիվանդանոցից  արձագանքել էին, որ նոյեմբերի 8-ին «Միքայելյան վիրաբուժության  ինստիտուտ»-ում դժբախտ դեպք է տեղի  ունեցել:

«68-ամյա պացիենտը, որը տեւական բուժումներ է ստանում հիվանդանոցում, հերթական ՀՇ (համակարգչային շերտագրում) անցնելու ժամանակ հետազոտության սենյակում` հարազատի ներկայությամբ, ջրի փոխարեն ախտահանման համար նախատեսված  նյութից  է խմել: Պացիենտը վերցրել է ջրի համար նախատեսված  մեկանգամյա օգտագործման բաժակ համապատասխան սարքից եւ սենյակում դրված փակ, հատուկ մակնշված շշից լցրել եւ խմել է բարձր մակարդակի վարակազերծիչ նյութից: Նրան անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, կատարել համապատասխան ռեանիմացիոն գործողություններ, սակայն պացիենտը մի քանի ժամ անց մահացել է»,- պատասխանել էին  հիվանդանոցից:

Մահացածի դուստրը, որը  չցանկացավ հրապարակել ո’չ իր, ո’չ մոր անունները, lragrogh.com-ի հետ զրույցում պատմեց հետեւյալը. «Մենք ապրիլ ամսվանից այդ հիվանդանոցում սկսել էիք բուժել մորս, անալիզներ էինք հանձնել, ապրիլի 30-ին մորս վիրահատեցին: Վիրահատությունը անցել է գերազանց: Հոգաչափ շնորհակալ ենք բժիշկներ Արսեն Ափոյանից, Արմեն Ավագյանից, Անժելայից (ազգանունը, ցավոք, չեմ հիշում): Իրենք իմ մորս շատ լավ են նայել, ամեն պահ մեր կողքին են եղել: Վիրահատությունից հետո մորս քիմիաթերապիա նշանակեցին: Վեց ամիս մայրս ստացել է քիմիաթերապիա «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում:  Երրորդ քիմիայից հետո ունեինք գերազանց արդյունք:  Դրանից հետո  ուղարկեցին  համակարգչային տոմոգրաֆիայի, որից հետո ասացին, որ էլի լավ արդյունքներ ունենք: Բժիշկն ասաց, որ հաջորդ երեք քիմիայից հետո էլ ներկայանանք  համակարգչային տոմոգրաֆիայի:  Վերջին  համակարգչային տոմոգրաֆիայի  օրը` նոյեմբերի 8-ին, ինչ պահանջել էին, տվել եմ, բոլոր պատճենները  ներկայացրել եմ: Այդ հիվանդանոցի բուժանձնակազմն  ինձ ճանաչում էր, որովհետեւ գրեթե ամեն օր այնտեղ եմ եղել,  եւ բոլոր կաբինետներում ինձ գիտեին: Մայրս լավ էր զգում իրեն, նույնիսկ աշխատանքի էր գնում: Միասին գնացինք, թղթերը հանձնեցինք մի բուժաշխատողի: Այդ աղջիկը տանում-բերում է, մենք մոտ քսան րոպե սպասում ենք: Հետո մորս հրավիրում են համակարգչային տոմոգրաֆիայի սենյակ, մեկ էլ դուռը բացում է մի աշխատող աղջիկ եւ ինձ ներս հրավիրում: Չգիտեմ` ինքը  բժի՞շկ էր,  բուժքու՞յր էր, ո՞վ էր: Դռան դիմաց նա ինձնից  թուղթ է ուզում: Այդ ընթացքում մայրս թղթերն էր նայում, մեկ էլ այդ աշխատակիցը պտտվում, մորս ասում է, թե գնա, հեղուկը խմի: Մենք մեջքով էինք կանգնած մորս, եւ նա ցույց տվեց հեղուկը, որ մայրս խմի: Այնտեղ հեղուկ էր դրված, կողքը` բաժակ: Մայրս վերցնում, խմում է հեղուկը: Դա տեւում է վայրկյաններ: Մի ուրիշ բուժաշխատող տոմոգրաֆիայի սենյակից գալիս է ,  մտնում է այդ սենյակ եւ գոռում` վայ, այդ ի՞նչ խմեցիք, ֆարմալին էր: Ես այդ պահին զգացի, որ մայրս օդ էր ուզում, ջուր էր ուզում, խեղդվում էր…Մինչ ես սկսում եմ գոռգոռալ, լացում եմ, իրենք արդեն հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել: Վայրկյանների ընթացքում բժիշկները հավաքվում են եւ մորս տանում վերակենդանացման բաժանմունք: Ես շոկի մեջ էի, ամբողջ հիվանդանոցը խառնում եմ իրար, քանի որ չէի հասկանում, թե ինչ են տվել, ինչ եղավ: Պարզվում է, որ տասնհինգ  րոպե հետո մորս սիրտը կանգնել էր: Ես իջնում եմ, որ բուժաշխատողներին տեսնեմ, ոչ մեկը տեղում չէր, բոլորին փախցրել էին: Մտնում եմ  վերակենդանացման բաժանմունքի վարիչի մոտ, այսինքն` իրենք են ինձ ներս հրավիրում, ասում են, թե մորս սիրտը մերսել են, բայց դեռ ոչինչ չեն խոստանում: Այնտեղ  իմ կողքին են լինում նաեւ իմ բարեկամները:  Ինձ ասում են, որ դեռ ոչինչ չենք խոստանում, բայց սիրտն աշխատում է: Վերակենդանացման բաժնի վարիչին տեղյակ եմ պահում,  որ ես մորս խնամակալն եմ, խնդրում եմ ասեք, թե բուժաշխատողներից ով էր ինձնից  թուղթ պահանջում: Եթե ինքն այդքանը չէր հասկանում, ինչո՞ւ էր ինձ կանչել տոմոգրաֆիայի սենյակ, ի՞նչ թղթեր էր պահանջում, երբ պետպատվերն արդեն գրանցված էր: Իրենք թաքցրեցին այդ բուժաշխատողի անուն-ազգանունը: Մինչ օրս ես չգիտեմ նրա անուն-ազգանունը: Բաժնի վարիչից ես հետաքրքրվել եմ, թե ինչ գործ ուներ այդ ֆարմալինը տոմոգրաֆիայի սենյակում, սեղանին, բաց վիճակում, բաժակն էլ` կողքին: Նա ինձնից ներողություն խնդրեց, ասաց, որ ինքն էլ չգիտի, պետք է պարզի: Առաջին անգամ, երբ մտա վերակենդանացման բաժանմունք, տեսա, որ ապարատով մայրս շնչում է, թեեւ աչքերը փակ էին, թրջոցներ էին դրած: Երկրորդ անգամ, երբ մտա բաժանմունք, հասկացա, որ իրենք ինձ խաբել են, մայրս մահացել էր տասնհինգ րոպե անց: Ինձ հանգստացնելու համար խաբել էին, թե սրտի զարկերը վերականգնվել են…»:

Զրուցակիցս հիշում է, որ հիվանդանոցի աշխատակիցներն այնքան են սպասում, մինչեւ ինքն ու բարեկամները լքում են տարածքը, տուն հասնելուց հետո զանգում, ասում են, որ  իր  մայրը մահացել է: Այդ ողջ ընթացքում, երբ հիվանդանոցում են եղել,  կնոջ  պատմելով, հիվանդանոցի տնօրենը` Էդուարդը, գալիս-մտնում էր իր մոտ, հանգստացնում, որ ամեն ինչ լավ է, անալիզները լավ են:

Մեր զրուցակիցն ասում է, որ  արդեն քրեական գործ է հարուցված մոր մահվան առթիվ, եւ ինքը հետամուտ է լինելու, որպեսզի մեղավորները պատժվեն:

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում