Սերժ Թանկյանն ու «Նեմրա» ռոք խումբը համատեղ ներկայացրել են նոր երգ ու տեսահոլովակ՝ I’m Afraid of Stars: Երգի հեղինակը խմբի վոկալիստ Վան Նեմրան է:
Նա պատմել է, որ իր համար Սերժ Թանկյանի հետ համագործակցությունը պարզապես երազանք չէր:
«Երազանքներն իրականանում են, բայց միայն, եթե գնում ես դրանց հետևից:
Ասել, որ Սերժի հետ համագործակցելը երազանք էր, կնշանակի ոչինչ չասել: Ենթագիտակցության մեջ երբեմն մենք դեռ 2010-2011 թվականների պատանիներն ենք, որ նոր-նոր ենք ստեղծել խումբը։ Ու այդ կետից երբ նայում ենք այս համագործակցությանը, ամեն ինչ պարզապես ֆանտաստիկ է թվում։
Սերժի հետ աշխատելն անսահման մեծ հաճույք էր։ Լինելով շատ խիստ, հստակ ու պրոֆեսիոնալ մասնագետ, մանրակրկիտ քննարկելով ամեն ինչ՝ այս ընթացքում չեղավ մի պահ, որ անհարմար իրավիճակում հայտվենք: Հիացած էինք իր համեստությամբ ու ճշտապահությամբ: Մեզ համար իսկապես հաճելի էր այս մասշտաբի պրոֆեսիոնալ մարդու հետ աշխատելը։ Սա նաև բացառիկ փորձ էր մեր կարիերայի ընթացքում։
Նկարահանման օրը միայն մի բանի համար էի ափսոսում, որ տեսախցիկի դիմաց երկար աշխատելու արդյունքում շփվելու ժամանակ գրեթե չէր մնում, թեև այնքան բան կար Սերժի հետ խոսելու … Ինչևէ, պետք էր հասցնել հաջորդ օրը վերադառնալ Երևան:
Այնուամենայնիվ, հումորների համար ժամանակ գտանք և, հասցրինք լավ ծիծաղել, և որ ամենակարևորն է, ստեղծեցինք մի բան, որը կարծում եմ հանդիսատեսին շատ դուր կգա ու երկար կապրի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վան Նեմրան։

