Բովանդակային լռության, զգացմունքների և սիրո մասին է «Քեզ համար» ինտերակտիվ ներկայացմումը, որի պրեմիերան կայացավ «Թատրոն տանիքում» թատերական տանիքում:
Ներկայացման ռեժիսորը Արմեն Մարգարյանն է, ով նաև մարմնավորում է գլխավոր հերոսին: Հերոսուհուն՝ Եվային մարմնավորում է դերասանուհի Սաթենիկ Հազարյանը: Ներկայացման մեջ ներգրավված են նաև դերասաններ Վարդան Կուղյանոսյանը և Հայկ Պետրոսյանը:
Պրեմիերայից առաջ լարված ու խառը հոգեվիճակի, փորձերի ընթացքի ու ներկայացման գլխավոր ուղերձի մասին Tert.am Life-ը զրուցել է դերասանուհի Սաթենիկ Հազարյանի հետ:
«էվայի դերը ինձ համար ոչ միայն դերասանական աշխատանք էր, այլև վերապրում: Նրա պատմությունն այնքան հարազատ է, որ թվում էր՝ ես չէի խաղում, այլ կիսում էի նրա ապրումները: էվան միաժամանակ ուժեղ է և խոցելի, և այդ հակասությունները դարձան իմ գլխավոր շարժիչ ուժը դերի ստեղծման ընթացքում»,- մեզ հետ զրույցում պատմեց դերասանուհին:
Խոսելով ռեժիսոր Արմեն Մարգարյանի հետ համագործակցության մասին՝ նա նշեց, որ իր կարծիքով, ռեժիսորը շատ խորաթափանց էր:
«Նա կարողանում էր ճիշտ պահին ճիշտ հարց տալ: Օրինակ՝ փորձերի ընթացքում նա մի օր ասաց. «Ի՞նչ ես զգում, երբ հիշողությունը դառնում է միակ կապդ իրականության հետ»: Այդպիսի հարցերը մեզ ուղղորդում էին, օգնում ավելի խորը զգալ կերպարի ապրումները: Նա նաև շատ կարևորում էր, որ մենք գտնեինք մեր սեփական լուծումները՝ առանց պարտադրված քայլերի:
Երբ առաջին անգամ փորձում էինք էվայի հիշողություների տեսարանը, որը կառուցված էր նրա հիշողությունների վրա, այդ պահին ես բառացիորեն զգացի, թե ինչ է նշանակում ապրել անցյալի մեջ, երբ ամեն ինչ դառնում է կարծես մշուշոտ՝ բայց անհավանական իրական: Բեմի լռությունն այդ պահին մի տեսակ լրացնում էր նրա հիշողությունների ծանրությունը, և ես առաջին անգամ զգացի նրա ամբողջականությունը»,- անկեղծացավ Սաթենիկ Հազարյանը:
Դերասանուհին նշեց, որ պրեմիերայից հետո հանդիսատեսի արձագանքն անչափ հուզիչ էր:
«Շատերը նշում էին, որ էվայի պատմությունը ստիպել է իրենց վերհիշել սեփական անցյալը՝ իրենց կորուստներն ու մենակության պահերը: Մի կին մոտեցավ ինձ ու ասաց, որ երկար տարիներ չկարողացավ խոսել ամուսնու մահվան մասին, բայց ներկայացումը կարծես բացեց նրա ներսը: Այդպիսի արձագանքները մեծագույն պարգև են դերասանի համար»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:

Սաթենիկ Հազարյանը նկատեց, որ մենք հաճախ ձգտում ենք փախչել անցյալի ցավից, բայց երբեմն այն դառնում է միակ բանը, որ կապում է մեզ իրականության հետ:
«էվան ինձ սովորեցրեց, որ ցավն ու հիշողությունները չեն կործանում, եթե կարողանաս դրանք ճիշտ տեղադրել քո կյանքում:
«Քեզ համար» ներկայացումը խոսում է անցյալի և ներկայի բախման մասին: Այն ցույց է տալիս, որ նույնիսկ ամենածանր հիշողությունները կարող են օգնել առաջ շարժվել, եթե կարողանաս ընդունել դրանք որպես կյանքի մի մաս: Կարծում եմ, այն նաև հորդոր է՝ չմոռանալ, որ յուրաքանչյուր հիշողություն իր մեջ կրում է մի կտոր հույս, որքան էլ այն թաքնված լինի»,- ամփոփեց դերասանուհին՝ հուսալով, որ ներկայացումը կշարունակի իր ազդեցությունն ունենալ, ինչպես բեմում, այնպես էլ մարդկանց սրտերում: