Պաշտոնյաների` բաց եւ թափանցիկ աշխատելու մասին խոստումները կարճաժամկետ արդյունք են ունենում: Եվ վատին փոխարինում են վատագույն ավանդույթները: Եթե նախկինում կարող էին ուշացնել գրավոր հարցմանդ պատասխանը, պատճառաբանել, որ հավելյալ տեղեկություններ են հավաքում, ապա հիմա` ոչ մի արձագանք:
Lragrogh.com-ը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին (վերջինս դեռ այդ ժամանակ ազատված չէր պաշտոնից) նոյեմբերի 11-ին հետեւյալ հարցումն էր ուղարկել. «Վերջերս համացանցում տարածվեց մի տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես է մի կին մոտենում բնակելի շենքին եւ կապույտ ներկով ծածկում 44-օրյա պատերազմում զոհված տղաների դիմանկարները: Նկատելի է, որ մինչ շենքին մոտենալը նա գլխարկը քաշում է գլխին` փորձելով քողարկել դեմքը: Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 62-ամյա Հասմիկ Գ-ն եւ փոխանցվել Քննչական կոմիտե: Վերջինս ընդունել է մեղադրանքը, հայտարարել, որ զղջում է կատարվածի համար: Կինը չի կալանավորվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:
1. Ի՞նչ կարգավիճակում է գտնվում Հասմիկ Գ-ն ներկայում:
2. Նախկինում եղե՞լ են նման դեպքեր, ի՞նչ մեղադրանքներ են առաջադրվել նման արարքների համար»:
Նոյեմբերի 14-ին էլ հետաքրքրվել էինք, թե երբ կստանանք մեր հարցման պատասխանը, սակայն Քննչական կոմիտեից մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել:
Ամիսներ առաջ էլ` սեպտեմբերի սկզբին, փորձեցինք հարցազրույց անել Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանից, որն այդ օրերին գտնվում էր Երեւանում: Վերջինս նշեց, որ միայն ՀՀ արտգործնախարարության համաձայնության դեպքում հարցազրույց կտա: Քանիցս զանգահարեցինք ԱԳՆ, սկզբում խոստացան, որ կտեղեկացնեն մեզ, իսկ հետո այդպես էլ չպատասխանեցին մեր զանգերին: Հիմա Ծովինար Համբարձումյանը Բուլղարիայում է նշանակվել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
Իսկ թե ինչ են մտածում ԱԳՆ-ում արտերկրում մեր դեսպանների` հարցազրույց տալ-չտալու մասին, մնում է անորոշ:
Թագուհի Հակոբյան
