Կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել ծառին. պարզվում են Գյումրիում երթուղային «Գազել»-ի վթարի հանգամանքները

Գյումրիում նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հասարակական ուղևորափոխադրում իրականացնող երթուղային «Գազել»-ի վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ:

Ինչպես հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել

«2024 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ներկայացրել, որ 2024թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Գյումրու ավտոբուս» ՓԲ ընկերության 67-մյա վարորդը, իր կողմից շահագործվող «Գազել» մակնիշի երթուղային տաքսին Գյումրի քաղաքի Գ․Նժդեհի փողոց 10 հասցեի վարելիս կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկել գոտուց և բախվել մայթեզրին գտնվող ծառին։

Վթարի հետևանքով վարորդը և 4 կին ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ 2024 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթը, իրականացվում է նախաքննություն։

Զննվել է դեպքի վայրը, ստուգվել է վարորդի սթափության վիճակը՝ համաձայն որի վարորդը եղել է սթափ։

Գյումրի բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ վնասվածքներ ստացած անձանց վիճակը եղել է բավարար, վնասվածքները եղել են սալջարդի տեսքով, բոլորը դուրս են գրվել։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։

Նախաքննությունը շարունակվում է, վթարի պատճառները և հանգամանքները պարզվում են»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել էր ծառին, 5 հոգի տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն:

Կիսվել սոց․ ցանցերում