1937-ին Չարենցին թույլ տվեցին, որ բանտից հագուստները ուղարկի տուն՝ լվանալու, քանի որ բոլշևիկյան բանտերում դեռ համազգեստ չէին տալիս կալանավորներին ու շորերը լվանալու ծառայություն էլ չէին մատուցում, բայց նամակ գրելը արգելված էր։ Չարենցը, այնուամենայնիվ, Իզաբելլային նամակ գրեց։ Ինչպե՞ս։
Կա քիմիական կոչվող մատիտ, որի գրածը չի երևում, մինչև չի հաղորդակցվում ջրին։ Դեռ տասնամյակներ հետո էլ վաճառվում էր սովետական գրախանութներում։ Չարենցը նամակը գրել էր ռուսերեն։ Հայ մեծագույն բանաստեղծի երկրորդ կինը, որ ծնվել էր Շամախիում, ապրել Մոսկվայում, հայերեն կարդալ չգիտեր՝ Չարենցը գրքերի գույներով էր խնդրում նրան գիրք բերել իր գրադարանից, երբ տանը հյուր էր ունենում։ Չարենցը իր սպիտակ շապիկին գրած ուղարկել էր նաև իր վերջին բանաստեղծությունը՝ նվիրված Ավետիք Իսահակյանին։
Բայց։ Ի՞նչ իմանար Իզաբելլան, որ Չարենցը իրեն նամակ է գրել։ Կարող էր գցել տաշտի մեջ, ուրիշ շորերի հետ, լեղակ լցնել՝ կապույտ գույնի կոշտեր, որոնք մաքրում էին ու թարմություն էին տալիս լվացքին, ու գրվածը կլուծվեր-կգնար։
Դա ինձ հայտնի չէ, բայց երբ գրում էի «Չարենց» 8-մասանոց հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմի սցենարը, պետք է լուծում գտնեի, որ այդ վտանգը հաղթահարվեր։ (Ի դեպ, կինոյի ցանկացած տեսարանում պետք է ինչ-որ վտանգի հաղթահարում լինի, որպեսզի ֆիլմը նայվի, բայց՝ ոչ վատ գրիմով-միաչքանի-գրական-լեզվով-խոսող-գողաԳանի տեսքով, այլ անսպասելի, ամենատարբեր): Եվ ահա սցենարում, երբ Իզաբելլան, ուրիշ հայտնի հայ գրողների, գիտնականների կանանց հետ բանտի դռանը հերթ կանգնելուց հետո, բերում է Չարենցի շորերը, տանը նրա շապիկը սեղմում է դեմքին ու հեկեկում է։ Հուսահատությունից, որ իրենց տուն ոչ ոք չի գալիս, փողոցում իրեն չեն բարևում, որ իրեն էլ կարող է ձերբակալեն… ինչը տեղի ունեցավ մի փոքր ավելի ուշ, և, իհարկե՝ ամուսնու կարոտից… Հետո տանում գցում է շապիկը եռման ջրով տաշտի մեջ, մյուս շորերի հետ։ Րոպեները հերիք են, որ նամակը, որտեղ Չարենցի լավագույն բանաստեղծություններից մեկն է, ջնջվի առհավետ։ Բայց։ Երեխաները, որ 3 ու 5 տարեկան են, նկատում են մոր դեմքին տպված կապույտ տառեր՝ Իզաբելլայի արցունքներից շապիկին որոշ բառեր են երևակվել։ Նա մոտենում է հայելուն, տեսնում է իր դեմքին հայտնված բառերը, հասկանում է, որ շապիկից են դեմքին տպվել, ու վազում է դեպի լվացքի տաշտը… Փրկում է նամակը։ Հետո վազում է Իսահակյանենց տուն, որ հայերենը կարդան՝ քիչ տեղերից մեկը, որտեղ չէին վախենում իրեն ընդունել։
Սցենարի համապատասխան տեսարանը՝ առաջին մեկնաբանության մեջ, որտեղ մեջբերված են նամակները ։
Հ.Գ. Նրանց համար, ովքեր ռուսերեն չեն կարդում։ Չարենցը նաև բանտից ուղարկած գաղտնագրված նամակով է խնդրել Իզաբելլային, որ իր ձեռագրերը հանձնի նկարչուհի Ռեգինա Ղազարյանին։ Ռեգինան այդ ժամանակ ընդամենը 22 տարեկան էր։ Չարենցը գրում է, որ հանկարծ Իսահակյանին չտա՝ նա, իհարկե, իր ձեռագիրը «օրգաններին» չի հանձնի, բայց կոչնչացնի, որ վտանգը չեզոքացնի։ Իսկ Ռեգինան պահեց ձեռագրերը համարյա 20 տարի։
