Հայաստանի առաջատար հրաձիգ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթակիր, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ է նվաճել Polish Open Kaliber միջազգային մրցաշարոււմ: Փարիզի Օլիմպիական խաղերից հետո սա Կարապետյանի առաջին մրցաշարն էր եւ մեդալը: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հրաձիգը:
Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալակիր է դարձել 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձեւում:
«Որակավորման փուլը հաղթահարեցի 573 միավորով եւ երկրորդ տեղով անցա եզրափակիչ:
Եզրափակիչում խոցեցի 234,7 միավոր եւ նվաճեցի արծաթե մեդալ: Օլիմպիական խաղերից հետո սա իմ առաջին մեդալն էր միջազգային մրցաշարում: Հետաքրքիր էր, կարոտել էի մրցումային պրոցեսը, կրակելը»,- ասաց Էլմիրա Կարապետյանը:
Լեհական Polish Open Kaliber-ը մրցումային տարվա վերջին մրցաշարն էր հրաձիգների համար:
Լուսինե Շահբազյան
