Հատված «Ժողովրդի ձայնը լսելի է» հաղորդաշարից,որտեղ քաղաքացիները հայտնում են իրենց բողոքները
Ժողովրդի ձայնը լսելի է հաղորդաշարի ուղիղ եթերում, որը յուրաքանչյուր օր եթեր է դուրս գալիս lragrogh.com լրատվականի TikTok-ում, քաղաքացիները դիմել էին բողոքով, որը նաև գրավոր կերպով ուղղվեց ՀՀ Կառավարությանը, որտեղից գրավոր հարցմանն ի պատասխան եղավ հետևյալ գրությունը՝
«ԼՐԱԳՐՈՂ ՔՈՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՊԱՐՈՆ ՎԱՆԻԿ ՆԻԿՈՅԱՆԻՆ
«ԼՐԱԳՐՈՂ ՔՈՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՊԱՐՈՆ ՎԱՆԻԿ ՆԻԿՈՅԱՆԻՆ Հարգելի պարոն Նիկոյան Վարչապետին ուղղված Ձեր դիմումը 06.11.2024թ. թիվ 14.01/14.6/37915-2024 գրությամբ վերահասցեագրվել է Առողջապահության նախարարություն, որի կապակցությամբ հայտնում եմ, որ սրտային վիրաբուժությունն ընդգրկված է ՀՀ Առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների ցանկում և բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ ՀՀ կառավարության 04.03.2004թ. թիվ 318-Ն որոշման Հավելված 5-ով հաստատված կարգի 2-րդ կետում ընդգրկված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված անձանց, սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաև Առողջապահության նախարարի 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ 54-Ն հրամանով սահմանված սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժման ծառայությունների կազմակերպման հիմքերի առկայության դեպքերում բնակչության բոլոր խմբերի։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է անվճար ՀՀ առողջապահության նախարարի 2019թ. հոկտեմբերի 18-ի թիվ 44-Ն հրամանով սահմանված անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակների և ախտորոշումների դեպքում այդ թվում սուր ցավ կրծքավանդակում մինչև ախտորոշումը: Ընդ որում սահմանված ժամանակահատվածում անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակներ դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է անհրաժեշտ էքսպրես լաբորատոր և գործիքային հետազոտությունները, ինչպես նաև բժշկական պարագաները, դեղորայքը, անհրաժեշտ պատվաստանյութերը և հակաթույները, բժշկական անձնակազմի կողմից հսկողությունը:
Տեղեկացնում եմ նաև, որ հիվանդանոցային պայմաններում պետության կողմից երաշխավորված անվճար անհետաձգելի բժշկական օգնությունն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 65-Ն հրամանի հավելվածով հաստատված հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկերին համապատասխան, իսկ հիվանդանոցային պայմաններում իրականացված առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում վճարովի հիմունքներով:
ՀԱՐԳԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԱԼԻՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
