Ցեղապետի հետ հուղարկավորում էին ստրուկներին, Պпւտինից հետո ի՞նչ են անելու. Մեհրաբյանը՝ ընդդիմության մասին

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ եթե Նիկոլ Փաշինյանի համար ստեղծվեն այնպիսի պայմաններ, որպիսիք 2020թ. նոյեմբերի 10-ից հետո էին, նա կհեռանա:

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Շարմազանովի այս հայտարարությանը, նկատում է՝ նրանք ուզում են երկրի դեմ ագրեսիա հրահրել, անգամ նոր պատերազմի առիթ ստեղծել:

«Նման հայտարարություններ, երբ հնչեցնում են, պարտավորված ենք իրենց հիշեցնել, որ, ռուսական շահերին լծված լինելով, կամովի ու անհույս կերպով, անձնազոհ, իրենց արժանապատվությունը ոտնահարած, իրենք աշխատում են միայն մի բանի համար՝ Հայաստանը գցեն փորձանքի մեջ, Ռուսաստանի ճանկերը, դրանից հետո հանգիստ կաշխատեն, տուն կպահեն։ Սա է իրենց թռիչքի առաստաղը»,- ասում է նա:

Վերջինս նաև հարց է հղում ընդդիմությանը․ «Ուզում եմ հարցնել՝ Պուտինը, որ մեռավ, ի՞նչ եք անելու, հետը գնալո՞ւ եք մեռնեք։ Նախապատմական ժամանակաշրջանում, որ ցեղապետերը մեռնում էին, հետները հուղարկավորում էին 10 էշ, 10 ստրուկ, 10 կով, հիմա իրենք պետք է որոշեն, թե դրանցից որ մեկն են, որ հետը հուղարկավորվեն, քաղաքականապես, բնականաբար»։

Ըստ Մեհրաբյանի՝ խորհրդարանում մշտապես պետության դեմ խոսող ուժերին ոչ թե պետք է կոչել ընդդիմություն, այլ ռուսական «5-րդ շարասյուն»։ Վերջինս կարծում է, որ թե՛ այդ ուժերը ներկայացնողները, թե՛ Ռուսաստանը գիտակցում են, որ 2026 թվականին նրանք տեղ չեն գտնի ՀՀ Ազգային ժողովում, այդ պատճառով այժմ նրանք փորձում են արագացնել իրենց երկրի ներսում անկայունություն առաջացնելու ծրագրերը:

«Դրա համար հայտարարում են՝ ձախողվել ենք, որ նոր ծրագիր իրագործեն։ Սակայն ձախովել է իրենց քաղաքական հայրիկը՝ Պուտինը։ Վերջինս ձախողվել է ոչ միայն մեզ մոտ, այլ՝ ընդհանրապես։ Նա 20 տարիների ընթացքում Հայաստանում հաստատել էր իր դիկտատուրան, իսկ ընդդիմություն կոչվող ուժերը այդ ընթացքում կառուցել էին իրենց լափամանները, հետո ամեն ինչ ավարտվեց։ Հիմա լսում ենք նրանց ձայնարձակումները, և խառը իլուստրացիաներն ենք տեսնում նրանց կողմից»,- ասում է զրուցակիցը:

Մեհրաբյանն ընդգծում է՝ ընդդիմադիրները ամեն ինչ անելու են, որ կարողանան Ադրբեջանին դրդել ուժային գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ, որպեսզի դրան զուգահեռ էլ իրենք պայթեցնեն երկիրը ներսից։ Իսկ այդ պայմանները ստեղծելու համար Ռուսաստանը երկու լծակ ունի, նկատում է Մեհրաբյանը: Առաջինը, նրա կարծիքով, տեռորիստական գործողություններն են, կարևոր պաշտոնյաններին ֆիզիկապես չեզոքացնելը։ Հաջորդ գործիքը Ադրբեջանն է, որին օգտագործելով՝ հարձակվեն Հայաստանի վրա։

«Այստեղ արդեն կարևոր պետք է լինեն Հայաստանի իշխանության գործողությունները։ Ժողովրդի մանդատով օժտված իշխանությունը պետք է այդ պայմանների իրականացումը դարձնի անհաղթահարելի, կրճատի Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում, դաշնակցային հարաբերություններ ստեղծի Արևմուտքի հետ։ Չեզոքացնի «5-րդ շարասյուն»-ը, մամուլի լիկվիդացիա անի։ Չի կարող երկրի ներսում մամուլը գործել պետության դեմ։ Ուշադրություն դարձնի ընդդիմություն ներկայացնողներին, որովհետև նրանք ընդդիմություն չեն, այլ՝ ագենտներ»,- համոզմունք է հայտնում նա։

Մերի Խաչատրյան 

Կիսվել սոց․ ցանցերում