«Ասլանյանի և Աղազարյանի հեռացումը շատ տրամաբանական եմ համարում»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի՝ խմբակցությունից հեռացմանը։
«Անթույլատրելի եմ համարում երկրին, պետությանը, ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկությունները, որոնց մարդն ի պաշտոնե տիրապետում է, հրապարակելը, այստեղ-այնտեղ խոսելը:
Բոլոր քաղաքական գործիչները, հանրային մարդիկ պետք է որոշակի զսպվածություն պահեն։ Այո, ամեն մեկն ունի իր անձնական կյանքը, բայց քաղաքական կուսակցության անդամ, հանրային քաղաքական դեմք լինելը պահանջում է համապատասխանել որոշակի բարոյականության»,- նկատեց Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նորմա՞լ է, որ անձնական գրառումները կուսակցությունում բացում, կարդում են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։
Նա դիմել էր խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին, որպեսզի խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտար պարզաբանումներ:
Ժամեր անց հայտնի դարձավ, որ Ասլանյանը հեռացվել է խմբակցությունից:
Ավելի ուշ Ասլանյանը սոցցանցի իր էջում մի քանի սքրինշոթ էր հրապարակել, որով հայտնել էր, թե իր հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա և շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության անդամ:
Ինչպես հայտնի է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանը ևս հեռացվել է կուսակցության շարքերից:
Կուսակցությունը որպես հիմնավորում նշել է, որ նա թույլ է տվել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքեր, ինչպես նաև՝ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումներ։
Ազգային ժողովի նիստի ժամանակ Աղազարյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս կուսակցությունից՝ ներողություն խնդրելով կուսակիցներից:
