Հայաստանում կարելի է ընձառյուծ և եղջերու որդեգրել։
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն այս հետաքրքիր ծրագիրն սկսել է դեռևս 2018 թվականից։ Սիմվոլիկ կերպով որդեգրելով կենդանիներին՝ մարդիկ նվիրատվություն են տալիս հիմնադրամին։ Կովկասյան ընձառյուծը և Կովկասյան ազնվացեղ եղջերուն գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում՝ որպես կրիտիկական վիճակում գտնվող կենդանիներ։
Կազմակերպությունը Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրով զբաղվում է 2022թ․-ից՝ նրանց համար էկոմիջանցք կառուցելով, Հայաստանում բնակվելու համար հարմարավետ պայմաններ ստեղծելով։ Այժմ մեր երկրում բնակվում է 10 ընձառյուծ, որոնցից մեկը՝ էգ։ Ինչ վերաբերում է Կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցմանը, գրեթե 70 տարի նրանք Հայաստանից ի սպառ վերացել էին, 1950-ականներից ի վեր չէին նկատվել։
«Եղջերուների առաջին չորս առանձնյակը Հայաստան բերվեց Իրանից, 2018թ․ Դիլիջան ազգային պարկը բացվեց, որը կոչվում է նաև եղջերուների բազմացման կենտրոն։ Արդեն 2022-ին 3 եղջերու բաց թողնվեց ազատ բնություն։ Կազմակերպության նպատակն է մի քանի տարում (ամեն տարի 10-15 եղջերու) բաց թողնելով՝ վերականգնել պոպուլյացիան։ Ամեն տարի մենք համալրումներ ունենք, այսօր էլ ունենք 45 եղջերու, որոնցից պետք է բաց թողնենք 10-ը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է հիմնադրամի անհատական ֆոնդահայթայթման պատասխանատու Մարի Մանասերյանը։
Կենտրոնում ծնվել է նաև եղջերուի 11 ձագ, որոնց նույնպես պետք է բաց թողնել բնություն։ Մինչ դա, կարևոր է, որ հասկանալի լինի, թե Հայաստանի կոնկրետ որ վայրերն են եղջերուների համար անվտանգ, ինչ սպառնալիքներ կարող են լինել նրանց համար, կարևորում է հիմնադրամի ներկայացուցիչը։ Դրա համար անհրաժեշտ են GPS վզկապներ, որոնք 3 տարի անխափան գործում են, դրանցով հնարավոր է մոնիթորինգ անել, վերահսկել եղջերուների տեղաշարժն ու պաշտպանել որսագողներից։
«Այս նպատակն իրականացնելու համար մենք փնտրում ենք բնության «հերոսներ»-ի՝ մարդկանց, որոնք պատրաստ են դառնալ եղջերուների փրկիչը, մեզ օգնել նրանց վերադարձնել բնություն, վերականգնել բնության խախտված բալանսը՝ սիմվոլիկ կերպով եղջերու որդեգրելով։ Նվիրատվությամբ նաև կարողանում ենք կերակրամաններ ձեռք բերել, կահավորել ցանկապատերը ազգային պարկի։ GPS վզկապներն էլ ձեռք են բերվում Գերմանիայից, որոնք բավականին թանկ արժեն։ Ծանր վզկապներ են, բայց եղջերուններն էլ են ծանր (մոտ 320 կգ), կարողանում են ծանրությունը պահել, և չեն վնասվում, ամուր կապված են նրանց վրա, ոչ մի վտանգավոր բան չկա»,- մանրամասնում է զրուցակիցը։
Դա արվում է ամսական փոքրիկ նվիրատվության շնորհիվ, որը ցանկացած պահի անձը կարող է նաև դադարեցնել։ Միջին գումարը սահմանվել է 4 հազար 9 հարյուր դրամ, սակայն որդեգրողը կարող է գումարը տրամադրել՝ ըստ իր ցանկության՝ ավելի քիչ, կամ ավելի շատ։ Նվիրատուին հանձնվում է հատուկ «Որդեգրման վկայական», խնամակալ մայրիկը կամ հայրիկն ամեն ամիս էլեկտրոնային հասցեին տեղեկություն է ստանում «որդեգիր կենդանու մասին»: Փակ ինֆորմացիա է, որին տիրապետում է միայն որդեգրողը․ «Ի սկզբանե չէինք պատկերացնում, որ կարող է ցանկությունը մեծ լինել, որովհետև Հայաստանում նման մշակույթ չի եղել, սակայն հիմա օրական 15-20 նվիրատու ենք ունենում, և գնալով ավելի է շատանում քանակը։ Մարդիկ ավելի շատ են իրազեկվում մեր մասին, դրա շնորհիվ էլ ավելանում է. ամեն ամիս պատրաստ են գումար նվիրաբերել»։
Ըստ Մանասերյանի՝ որդեգրման ծրագիրը մարդկանց հետարքրքում է հատկապես այն առումով, որ կարելի է դա փոքրիկ նվեր անել հարազատներին, ընկերներին։ Ամանորյա ամիսներին որդեգրումներ ավելի շատ են իրականացվում։ Նրա խոսքով՝ շատ են դեպքերը, երբ որպես նվեր որդեգրումը գնում են երեխաների համար։
Հետաքրքիր դեպքերից հիմնադրամը ևս անմասն չի մնում․ «Նամակներ ենք ստանում որդեգրումից հետո, թե երբ կտաք իմ եղջերուին, կարող եմ ձագ վերցնել, տանել տանը պահել։ Փորձում ենք հասկացնել, որ ամեն ինչ այդպես չէ, ու շատ խնդիրներ այդ մասով չենք ունենում»։
Բացի հայաստանյան նվիրատուներից, հիմնադրամը նվիրատուներ ունի նաև այլ երկրներից:
Մերի Խաչատրյան
