ՊՆ «Ուրալ» ավտոմեքենայի վթարի գործով նախաքննությունն ավարտվել է:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«2024 թվականի ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում դուրս է եկել երթի և վթարի ենթարկվել:
Մասնավորապես՝ դեպքից առաջ՝ 2024 թվականի ապրիլի 9-11-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Գ.-ն և Հ.Հ.-ն ավտոմեքենայի տեխնիկական խնդիրների վերաբերյալ տեղեկացրել են զորամասի տեխնիկական մասի պետին և զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին, սակայն վերջիններս երթը չթույլատրելու մասով որևէ գործողություն չեն կատարել:
Ավտոհավաքակայանում Վ.Պ.-ն և Ս.Հ.-ն մեքենան փաստացի չեն ստուգել, սահմանափակվել են միայն ձևական գործողություններ կատարելով, ինչի հետևանքով անսարքություններ չեն հայտնաբերվել և թույլատրվել է երթը, որի արդյունքում ավտոմեքենան տեխնիկական անսարքության պատճառով հայտնվել է ձորում:
Վթարի հետևանքով մահացել է 4 զինծառայող, 18 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի, զորամասի տեխնիկական մասի պետի, ավտոմոբիլային ծառայության պետի, զորամասի հրաձգային գումարտակի 2 հրամանատարների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) և զորամասի տեխնիկական մասի հսկիչ-պետի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):
2024 թվականի դեկտեմբերի 16-ին քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի ձորը ընկնելու գործով կալանավորվել է մեկ զինծառայող, զորամասի երկու պաշտոնատար անձ:
Ըստ իրավապահների՝ մեքենան թեք է կայանված եղել, ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները ոչ պիտանի լինելու պատճառով շարժվելիս մեքենայի շարժիչը կանգնած վիճակում չի գործարկվել և չի տաքացվել, փոխանցման տուփի միջոցով, առանց շարժիչը գործարկելու, կայանված տեղից բերվել է շարժման, ինչի հետևանքով վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և այն ճանապարհի բանուկ մասից թեքվել է դեպի աջ ու հայտնվել ձորում՝ հանգեցնելով 4 զինծառայողի մահվան և 19-ի տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալուն:
Զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք, տեղյակ լինելով ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները ոչ պիտանի լինելու մասին, թույլատրել են դրա երթը:
