Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:
-Սկզբունք, որին երբեք չեք դավաճանի:
— Պետք է փորձել չդավաճանել սկզբունքներին, ես այդ ամենը փորձում եմ անել:
-Ո՞ր ժամին եք արթնանում ու ինչպե՞ս եք սկսում Ձեր օրը:
-Տարբեր, օրինակ՝ այսօր ինձ ժամը 9:00-ին արթնացրել են, որ ես հասցնեմ նկարահանման, բայց, եթե հնարավորություն ունեմ քնելու, կքնեմ։
-Երևանում Ձեր ամենասիրելի հատվածը ո՞րն է:
-Մեր փողոցը: Ես ապրում եմ Լեո -Պարոնյան խաչմերուկում, ու ինձ համար դա Երևանի ամենասիրուն տեսարանն է և ամենահետաքրքիր փողոցը:
Եթե օրերից մի օր հնարավորություն ունենամ, Լեո և Պարոնյան փողոցների մասին կնկարեմ փաստագրական ֆիլմ: Աշխարհի ամենասիրուն փողոցն է, որտեղ կա Երևանի ողջ կոլորիտը:
-Ի՞նչ կփոխեիք Երևանում:
-Կուզեի աղբը վերանար, մաքուր լիներ։
-Կենցաղում ի՞նչը տանել չեք կարողանում։
-Կրկին աղբը, փնթիությունը:
-Կենցաղային գործերից ո՞րն եք ավելի հաճույքով անում:
-Մեկ-մեկ խոհանոցում կարողանում եմ ինչ-որ բաներ պատրաստել: Ոչ թե սիրում եմ անել, այլ, եթե ստիպված եմ, օրինակ՝ կինս տանը չէ, գործուղման է ու գիտեմ, որ մի քանի օր մենակ եմ մնալու, ուզեմ, թե չուզեմ՝ պիտի անեմ:
-Իսկ ի՞նչ եք ամենահամեղը պատրաստում:
-Ես շատ եմ սիրում լավ սոուսներ պատրաստել:
Իտալական խոհանոցից լիքը լավ բաներ եմ պատրաստում:
-Ձեր մանկության երազանքը ո՞րն է եղել:
-Ամենասիրածս պահը միշտ եղել է այն, երբ մեր մեծ ընտանիքը հավաքվում էր ճաշկերույթի: Ու իմ երազանքը միշտ եղել է ունենալ այդ սեղանը, այդ մեծ ընտանիքը, ու այդ ընտանիքով կարողանալ միասին սեղան նստել:
-Ի՞նչ ձախողում եք ունեցել:
-Այնպիսի ձախողում, որի համար կամաչեմ, չի եղել:
Աշխատանքի ընթացքում փորձում ես արագ ուղղել այդ սխալները:
Որևէ հաջողություն՝ կլինի ֆիլմի, ներկայացման, թե հեռուստատեսային հաղորդման, դա դերասանի, հաղորդավարի կամ երգչի հաջողությունն է, բայց որևէ ձախողում՝ արտիստինը չէ:
Դա ռեժիսորի ու պրոդյուսերի ձախողումն է, դու լավն ես այնքան ժամանակ, քանի նախորդ կամ ներկա նախագիծդ հաջողված է:
Այդ կանոնը միշտ պետք է պահել մտքում ու հնարավորինս խոսափել ձախողումներից:
— Ինչի՞ մասին եք երազում:
-Խաղաղության:

