Կեղծ Zoom զանգեր՝ ավելի քան 400 մլն դոլարի գողության համար

Հյուսիսային Կորեայի հետ կապվող հաքերները կեղծ տեսազանգերի միջոցով խաբել են մոտ 900 մարդու և գողացել ավելի քան 400 միլիոն դոլարի կրիպտոարժույթ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ իրավապահ մարմինները՝ նշելով, որ խարդախության սխեման գործել է վերջին 18 ամիսների ընթացքում։

Հաքերները սոցիալական ցանցերում կեղծ կամ գողացված հաշիվներով կապ են հաստատել զոհերի հետ և հրավիրել նրանց Zoom-ի, Microsoft Teams-ի կամ Google Meet-ի նմանակ հարթակներով տեսազանգերի։ Տեսազանգի ընթացքում նրանք ցուցադրել են զոհերին ծանոթ մարդկանց նախապես ձայնագրված տեսանյութերը։ Այնուհետև, իբր ձայնի հետ կապված խնդիրները շտկելու համար, օգտատերերին առաջարկել են սեղմել հղման վրա։ Դրա միջոցով նրանց սարքերում ներբեռնվել է վնասակար ծրագիր, որը հաքերներին հասանելիություն է տվել կոնտակտներին և հավելվածներին։

ԱՄՆ-ի իրավապահների տվյալներով՝ հաքերները նաև գաղտնի ձայնագրել են տեսազանգերը և այդ նյութերն օգտագործել նոր զոհերին խաբելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում