«Շիրակ» օդանավակայանի ժամանման և մեկնման նոր սրահները կկարողանան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր

Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ կատարած այցիընթացքում եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Վարչապետը շրջայց է կատարել օդանավակայանի մեկնման նորակառույց սրահում:

Երկրի ղեկավարին ներկայացվել են կատարված աշխատանքները և նշվել է, որ արդեն իսկ շահագործվող նոր ժամանման և մեկնման սրահները հնարավորություն կունենան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր:

Մեկնման սրահը զբաղեցնում է 1000 քմ տարածք՝ 2 նստեցման ելքերով, միաժամանակ 2 չվերթի սպասարկման հնարավորությամբ, սահմանապահ ծառայության 6 խցիկներով, ինչպես նաև՝ 450 քմ տարածք նախատեսված անմաքս խանութների և սրճարանների համար:

Զուգահեռ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել «Շիրակ» օդանավակայանի հին մասնաշենքի 700 քմ տարածքում, որտեղ նախատեսվում է տարածքներ տրամադրել նաև պետական ծառայություն մատուցող կազմակերպություններին:

«Շիրակ» օդանավակայանում ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից:

Կիսվել սոց․ ցանցերում