Երեկ առավոտյան, ժամը 4-ի սահմաններում Արցախի ոստիկանները ոչնչացրել են քաղաքում թափառող շներին։ Կենդանիների մեծ մասը ցեղական տեսակի են՝ հովվաշուն, բիգլ, հասկի։
Ստեփանակերտում օր օրի լքված շների թիվն ավելանում է։ Նրանք թափառում են փողոցներով, փնտրում են տերերին։ Բնակիչները չեն կարողանում կերակրել իրենց կենդանիներին, և ճարահատյալ լքում են, դուրս են շպրտում նրանց։ Իսկ գիշերային ժամերին քաղաքում կրակոցներ ու վիրավոր շների վնգստոց է լսվում։ Սոված կենդանիները վտանգավոր են դառնում։ Աղբամանները դատարկ են, աղբի մեջ սննդային մնացորդներ չկան։ Բնակիչներից ոմանք, ինչպես Նունե Ա-ն գթասրտության կոչեր են անում համացանցում, հորդորում են համաքաղաքացիներին խղճալ իրենց «լավագույն ընկերներին»` փողոց չգցել, դատապարտելով մահվան։ Մյուսներն էլ, ինչպես Արմեն Պետրոսյանը, կոչ են անում ոստիկանությանը ոչնչացնել շներին, որոնք իրենց կարծիքով, վտանգ են ներկայացնում երեխաների ու մարդկանց համար։
Նրանք արդարացնում են կենդանիների նախկին տերերին։ «Հասկացեք, այստեղ սով է, մարդիկ մտածում են, ինչպես երեխաներին կերակրեն։ Հացը, որ վաճառում են, 1 սմ հաստություն ունի։ Մարդ ա կես հաց են տալիս օրական։ Չես կարողանում դրանով ոչ մի կերպ կշտանալ։ Անգամ թութակների կեր չկա», — ասում է Մարինա Զ-ն Ստեփանակերտից։
Խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքներ չկան, փողն արժեզրկվել է։ Արցախցիները հիմնականում ապրանքափոխանակությամբ են զբաղված, ֆեյսբուքյան փակ խմբերում հայտարարություններ են տեղադրում այն մասին, թե ով ինչ ունի և ում ինչ է պետք։ Ամենապահանջվածը ալյուրը, ձեթն ու սիգարետն են։ «Արևածաղկի ձեթը փոխում եմ ալյուրով», «Պամպերսը փոխում եմ ձեթով, կամ շաքարավազով», «Նկարչական ալբոմը փոխանակում եմ ձվով», — գրում են Ստեփանակերտի բնակիչները։ Մեկն էլ փոխանակումների խմբում գրել է․ «Ինձ իրավունք տվեք ապրել, որտեղ ուզում եմ։ Բացեք ճանապարհը»։
Այս համընդհանուր ճգնաժամի ֆոնին կենդանիների ճակատագիրը Ստեփանակերտի բնակիչների մեծամասնության համար անկարևոր հարց է։
Որպես կշտամբանք չհնչի, բայց հիշեցնենք, որ ուկրաինացիները ռմբակոծության տակ իրենց կենդանիներին իրենց հետ ռմբապաստաններ և այլ, ավելի ապահով տարածքներ էին տեղափոխում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e986f8e767cd42ec835af413fb3530af
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
