Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 205 հողամաս ճանաչվել է հանրային գերակա շահ

Սիսիան-Քաջարանի մոտ 60 կմ նոր ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար կառավարությունը դեկտեմբերի 27-ին մի շարք ազդակիր տարածքներ հանրային գերակա շահ ճանաչեց։ Որոշումը քննարկվեց ու ընդունվեց չզեկուցվող հարցերի շարքում։

Կառավարության այս որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչվեց ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ինը, իսկ Քաջարանի՝ երեք համայնքներում գտնվող ընդհանուր 205 հողամասերի (177 փոփոխված ազդակիր մակերեսով և 28 նոր տարածքներ) ազդակիր հատվածներ։

Հանրային գերակա շահ ճանաչված հողամասերի օտարման գործընթացը սկսելու վերջնաժանկետ է սահմանվել 2025-ի դեկտեմբերի 1-ը։

2022-ի հունիսի 30-ին գործադիրը այս ծրագրի շրջանակում հանրային գերակա շահ էր ճանաչել Սյունիքի մարզի տարածքում գտնվող 570 միավոր հողամասերի ազդակիր հատվածները։ Որոշման կատարման ընթացքում կադաստրային քարտեզում տեղի էին ունեցել փոփոխություններ և ուղղություններ, ինչի հետևանքով էլ այս ցանկից հանվել են մի շարք հողամասեր։

Այս հողամասերը հանրային գերակա շահ են ճանաչվում Սիսիան-Քաջարան ասֆալտբետոնե պատվածքով նոր ճանապարհի կառուցման համար։

2024-ի մայիսին կառավարությունը որոշեց 236 մլն եվրո վարկ վերցնել Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար։

Սիսիան-Քաջարան հարավային հատվածի երկարությունը 24,25 կիլոմետր է։ Ըստ կառավարության՝ ասֆալտբետոնե ճանապարհը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, որի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը:

Ընդհանուր առմամբ Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց ճանապարհը ունենալու է 11 մետր լայնություն, 3 երթևեկելի գոտի, 5 թունել, 11 կամուրջ։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032-ի նոյեմբերը։ Ակնկալվում է, որ Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցման ֆինանսավորմանը կմանսակցի նաև Եվրոպական ներդրումային բանկը։

Կիսվել սոց․ ցանցերում