Ադրբեջшնական ինքնաթիռի կпրծանման պատճառը արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է

Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:

Այս մասին հայտնել է Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը:

Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևն էլ հայտարարել է, որ ինքնաթիռի բեկորները և վկաների ցուցմունքները հիմք են տալիս ասելու, որ օդանավը ենթարկվել է արտաքին միջամտության։

«Վիրավոր ուղևորները և ողջ մնացած բորտուղեկցորդուհիները պատմել են, որ իրենք պայթյուն են լսել Գրոզնիում գտնվելու ժամանակ։ Անգամ բորտուղեկցորդուհիներից մեկը վիրավորվել է ձեռքից։ Նաև սոցցանցերից և լրատվամիջոցների տարածած տեսանյութերից պարզ է դառնում, որ կինը վիրավորվել է ձեռքից և ոտքից։ Բացի այդ, օդանավի թևի վրա տեսանելի են եղել անցքեր։ Տուժածները, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են, պատմել են նաև, որ Գրոզնիում երեք պայթյուն են լսել։ Հետո նրանց ասվել է, որ պայթյունները դրսում են եղել, ինչ-որ բան դիպել է ինքնաթիռին»,- մանրամասնել է Նաբիևը։

Ավելի վաղ ավիաընկերությունը հայտարարել էր, որ հաշվի առնելով թռիչքների անվտանգության հնարավոր ռիսկերը, 2024 թվականի դեկտեմբերի 28-ից դադարեցնում է թռիչքները Բաքվից դեպի Ռուսաստանի Մինվոդի, Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Գրոզնի, Մախաչկալա քաղաքների օդանավակայաններ մինչև Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության որոշմամբ վերջնական հետաքննության ավարտը:

Ռոսավիացիայի ղեկավար Դմիտրի Յադրովն էլ հայտնել էր, որ ավիաաղետի ժամանակ ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերն ահաբեկչական հարձակումներ են իրականացրել Գրոզնի և Վլադիկավկազ քաղաքներում քաղաքացիական ենթակառուցվածքի վրա:

Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել է: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:

Կիսվել սոց․ ցանցերում