Ամանորին ձյուն կլինի՞, թե՞ ոչ. Գագիկ Սուրենյանը մանրամասնել է

2025-ի հունվարը բավական տաք կլինի։

Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ ջերմաստիճանը 3-5 աստիճանով ավելի բարձր կլինի նորմայից, տեղումները կլինեն նորմայից ցածր։

Ամսական միջին ջերմաստիճանը, նրա խոսքով, նորմայից բարձր կլինի հանրապետության ողջ տարածքում, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։

«Հանրապետությունում տաք օդի ալիքները ամսվա ընթացքում բավականին շատ կլինեն․ Շիրակում ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 7 աստիճան, Կոտայքի լեռնային գոտիներում՝ 4-ից 7 աստիճան, նախալեռնային հատվածներում՝ 8-ից 10 աստիճան։ Գեղարքունիքում՝ 4-ից 8 աստիճան, Լոռիում կգրանցվի 12-ից 15 աստիճան տաքություն, Տավուշում՝ 14-ից 18։ Արագածոտնի լեռնային գոտիներում՝ 4-ից 7, նախալեռնային հատվածներում՝ 6-ից 10։ Արարատյան դաշտում կլինի 9-ից 11 աստիճան տաքություն, Վայոց ձորի լեռնային գոտիներում՝ 4-ից 8, նախալեռնային հատվածներում՝ 10-ից 12։ Սյունիքի հովտային գոտում՝ մինչև 16-ից 20, նախալեռնային հատվածներում՝ մինչև 12-ից 16»,- ասաց նա։

Սուրենյանը նշեց, որ Երևանում էլ կլինի 9-ից 11 աստիճան տաքություն։

«Տոնական օրերին առաջին տասնօրյակը կլինի բացարձակ առանց տեղումների, հանրապետությունում կգերակշռեն տաք օդային հոսանքները։ Գիշերային ժամերին կունենանք բացասական ջերմաստիճան, բայց ցերեկային ժամերին կգրանցվի դրական ջերմաստիճան։ Մայրաքաղաքում կգրանցվի հիմնականում -2-ից -4 աստիճան, ցերեկային ժամերին կունենանք 6-ից 8 աստիճան, կլինի պարզ երկինք»,- մանրամասնեց նա։

Կիսվել սոց․ ցանցերում