Հունվարի 19-ի երթը կարող է լուրջ քաղաքական հետեւանք ունենալ. Նիկոլ Փաշինյան

Այս շաբաթվա գլխավոր քաղաքական իրադարձությունը ԵԼՔ-ի հունվարի 19-ի երթն է՝ ընդդեմ թանկացումների: Այս մասին այսօր ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Հույս ունենք, որ այդ երթը լուրջ քաղաքական հետեւանքներ կունենա։ Դա մեծապես կախված է ՀՀ քաղաքացիների մասնակցության մակարդակից, որովհետեւ, ըստ էության, հանրապետական մեծամասնությունը որդեգրում է դիրքորոշում, որ ՀՀ քաղաքացիները ըմբռնումով են վերաբերում թանկացումներին եւ դրանով քարտ բլանշ են տվել իշխանություններին՝ այդ բոլոր պրոցեսներն իրականացնելու եւ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու համար»,- նշեց նա։

Փաշինյանը նկատեց, որ թանկացումների նոր ծավալ է սպասվում հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքով, ուստի իրենք առաջարկում են կանխել թանկացումները՝ օրենքում փոփոխություններ կատարելով եւ հարկերը նախկին մակարդակի վրա թողնելով։

«Մենք կարող էինք ուղղակի հարկային օրենսգրքի նախագիծ դնել շրջանառության մեջ, բայց դուք տեսաք, որ այսօր առավոտյան հարկային օրենսգրքի երկու նախագծեր խորհրդարանական մեծամասնությունը մերժեց օրակարգ ընդգրկել, հետեւաբար՝ դրա լուծումը հնարավոր է ճնշում ապահովելով, եւ մենք հրավիրում ենք հանրությանը դա անելու»,- նշեց Փաշինյանը։

Դիտարկմանը, թե արդյո՞ք երթը կարող է սցենար փոխել եւ, եթե դրան շատ մարդ միանա, կարող են արդյո՞ք քաղաքական պահանջներ դրվել՝ օրինակ՝ իշխանափոխության, Փաշինյանը նշեց, որ այսօր ԵԼՔ-ը գործում է իրեն տրված մանդատի շրջանակներում։

«Ես չեմ ուզում մեր կողմից ասվածն անհամեստ հնչի, բայց այո, ԵԼՔ-ն այն քաղաքական ուժն է, որն ունի եւ՛ մանդատ, եւ՛ բարոյական ու քաղաքական իրավունք ժողովրդին առաջնորդելու, բայց այն դեպքում, եթե ժողովուրդը դա ցանկանա», — ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նաեւ հավելեց, որ եթե տասնյակ հազարավոր մարդիկ միանան իրենց կոչին, ապա ԱԺ-ն չի կարող անտեսել պահանջը։

«Եթե տասնյակ հազարավոր ժողովուրդ պահանջի դա, ապա մենք այս ժողովրդի անունից կգանք ԱԺ եւ պարտավորություն կստանձնենք, որ Հարկային օրենսգրքում արվեն փոփոխություններ, որոնցով թանկացումները կկանխվեն։ Կարող եմ երաշխավորել, որ այդ դեպքում փոփոխություններ Հարկային օրենսգրքում տեղի կունենան, այլապես այդպիսի պահանջն արհամարհելը կբերի քաղաքական իրավիճակի փոփոխության»,- նշեց նա։

Կիսվել սոց․ ցանցերում