Ի՞նչ կանի «Ելք»-ը, եթե առաջիկա երթում նաեւ իշխանափոխության պահանջ հնչեցվի. մեկնաբանում է Փաշինյանը

«Հույս ունենք, որ այս երթը լուրջ քաղաքական հետեւանքներ կունենա: Դա մեծապես կախված է ՀՀ քաղաքացիների մասնակցության մակարդակից»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հունվարի 19-ին թանկացումների դեմ նախատեսվելիք երթին, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ առհասարակ, «Հանրապետական» մեծամասնությունը դիրքորոշում է որդեգրում, թե ՀՀ քաղաքացիներն ըմբռնումով են վերաբերվում թանկացումներին: Նա անդրադարձավ հարցին, թե ինչպես է երթն ազդելու խնդրի լուծման վրա: «Հունվարի մեկին հաջորդած թանկացումները հետեւանք են Հարկային նոր օրենսգրքի՝ ուժի մեջ մտնելուն: Թանկացումների հետագա ծավալը կանխելու տարբերակը Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելն է եւ հարկերը նախկին մակարդակի վրա թողնելը: Մենք կարող էինք օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել, բայց այսօր տեսանք, որ Հարկային օրենսգրքի երկու նախագիծ անգամ չընդգրկվեց քննարկման օրակարգ: Հետեւաբար, Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու ձեւը հանրային ճնշում ապահովելն է»,-պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ երթով ուզում են ցույց տալ, որ հանրությունը թանկացումների հետագա ծավալը կասեցնելը ձեւակերպում է որպես քաղաքական պահանջ. «Բոլորն էլ դժգոհում են եւ խնդրի առաջ են կանգնել: Բայց մարդկանց տներում արտահայտած դժգոհությունը լծակ չէ, որ կարողանանք ՀՀԿ-ին ստիպել գնալ զիջումների: Հետեւաբար, հանրության պահանջը պետք է ի ցույց դնել փողոցներում»: Հարցին՝ «հնարավո՞ր է, որ իշխանափոխության պահանջ էլ բարձրաձայնվի», Փաշինյանն այսպես պատասխանեց. «Եթե պահանջը ներկայացվի, իսկ խորհրդարանական մեծամասնությունը կազմող ուժը հրաժարվի կատարել այդ պահանջը, հանրությունը կարող է փոխել քաղաքական պահանջի օրակարգը»: Մյուս հարցին՝ «Ելք»-ը պատրա՞ստ է առաջնորդել իշխանափոխության հնարավոր պահանջը», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Չեմ ուզում, որ անհամեստ հնչի, բայց՝ այո, «Ելք»-ն այն ուժն է, որն ունի քաղաքական եւ բարոյական իրավունք ժողովրդին առաջնորդելու, եթե ժողովուրդը դա ցանկանա»: Իսկ թե որն է երաշխիքը, թե քաղաքացիները հուսախաբ չեն լինի, Փաշինյանը համոզմունք հայտնեց. «Եթե տասնյակ հազարավոր քաղաքացիներ պահանջը պաշտպանեն, Հարկային օրենսգրքում փոփոխություններ տեղի կունենան: Երթը չեղած՝ Սերժ Սարգսյանը խոսեց թանկացումների մասին: Իրենք էլ են հասկանում, որ այդ պարագայում ստիպված կլինեն փոփոխությունների գնալ»: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/01/15/931207/?fbclid=IwY2xjawHnOahleHRuA2FlbQIxMAABHVzzh51RlCngtg3GJ2v67H-z6bHvVqIgNI63qu7xTkEcJD6v1emN0M0tfg_aem_7w6B4uhn1Ycup9Jx9cybQA

Կիսվել սոց․ ցանցերում