Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սուտ է անվանել Բունդեսթագի ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Ռոդերիխ Կիզեվետերի հայտարարությունը, թե իբր կանցլերը պատրաստվում է այցելել Մոսկվա մինչև փետրվարի 23-ը:
Շաբաթ օրը Կիզեվետերը «X» սոցիալական ցանցում գրել էր, որ Շոլցը կարող է այցելել Ռուսաստան մինչև փետրվարի 23-ին նշանակված Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։
«Սա կեղծ հայտարարություն է: Սա խորապես անպարկեշտ է», – ասել է կանցլերը՝ մեկնաբանելով այս լուրերը։
Դեկտեմբերին «Spiegel»-ը հայտնել էր, որ լուրեր են պտտվում, թե Շոլցը կարող է մոտ օրերս «խաղաղ առաքելություն» կատարել Մոսկվա: Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ Շոլցի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին մամուլում հայտնված տեղեկությունները հորինված են։
