Դիմակավորված ցուցարարը Մեխիկոյի մոմե արձանների թանգարանում կարմիր ներկ է լցրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մոմե արձանի վրա և կոտրել այն:
Ըստ The Jerusalem Post-ի՝ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ցուցարարը արձանը պատել է կարմիր ներկով, ապա հարվածել մուրճով և հայտարարել՝ «Կեցցե Պաղեստինը, կեցցե Սուդանը, կեցցե Եմենը, կեցցե Պուերտո Ռիկոն»:
Ավելի ուշ BDS պաղեստինյան շարժման հրապարակած տեսանյութում այլ մանրամասներ են ի հայտ եկել: Ցուցարարը, ըստ աղբյուրի, գրել է.
«Ես պատասխանատվություն ունեմ ոչնչացնելու պատերազմական հանցագործին, քանի որ Մեխիկոյի մոմե արձանների թանգարանը մոռացել է այն ծածկել 40 հազար պաղեստինցիների արյամբ: Ես սա անում եմ՝ գրկելով հրեա ժողովրդին, ում ես շատ եմ սիրում, և ում ինքնությունն առևանգվել է այս ցեղասպանի կողմից»:
