ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոյել Բարոյի հետ հանդիպմանը քննարկել է նաև Վրաստանի հարցը։
Բլինկենը կրկնել է, որ «Վրացական երազանքի» դեմոկրատական հետընթացը «խորապես մտահոգիչ է» և նշել, որ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները և կառավարությանը օգնության դադարեցումը Իվանիշվիլիի կուսակցության գործողությունների արդյունք են, ներառյալ ընտրությունները, որոնք «շատ հարցեր են առաջացրել»։
«Ե՛վ Ֆրանսիան, և՛ Միացյալ Նահանգները ականատես են եղել ժողովրդավարության հետընթացի, որը խորապես մտահոգիչ է: Եվ սա ոչ միայն ժողովրդավարական հետընթաց է, այլ նաև նահանջ վրաց ժողովրդի բացարձակ մեծամասնության ձգտումներից՝ կառուցել ապագա, որն ավելի ու ավելի մոտ կլինի Եվրոպային։
Մենք տեսանք կառավարության ռեպրեսիվ գործողությունները մարդկանց նկատմամբ, ովքեր ցանկանում են խոսել ազատ և բաց, և մենք ու մեր գործընկերները քայլեր ձեռնարկեցինք. մենք պատժամիջոցներ կիրառեցինք «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի, ինչպես նաև կառավարության այլ անդամների նկատմամբ։
Մենք դադարեցրել ենք ամերիկյան օգնությունը Վրաստանի կառավարությանը. ԵԱՀԿ գրեթե բոլոր գործընկերների, ներառյալ Ֆրանսիայի հետ միասին, մենք գործարկեցինք ԵԱՀԿ Վիեննայի մեխանիզմը, որպեսզի պարզ լինի, որ ձեռնարկված քայլերը, ներառյալ օրենսդրությունը, որը լրջորեն սահմանափակում է խոսքի ազատության և քաղաքացիական հասարակության գործողությունների տարածքը, պետք է փոխվեն:
Կարծում եմ՝ դուք տեսնում եք հստակ միասնություն այս նպատակի շուրջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և շատ այլ երկրների միջև, որոնք բախվում են վրացական կառավարության շատ ցավալի գործողությունների հետ»,-ընդգծել է Բլինքենը:
