Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով մեր հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով:
Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը մեր հանրապետություն:
Միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից»,– նշվում է հաղորդագրության մեջ:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանական Կարմիր մահիկի և ռուսական Կարմիր խաչի միջև համագործակցության հուշագրի համաձայն, Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ, Ղարաբաղի հայ բնակիչների պարենային կարիքները բավարարելու նպատակով, ռուսական Կարմիր խաչը տրամադրել է 1 բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված պարենային և ոչ պարենային ապրանքներով:
Բեռնատարն անցել է ռուս-ադրբեջանական սահմանը տեղական ժամանակով 14:30-ին և նախատեսում է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ Աղդամ-Ասկերան ճանապարհով։
Տեսանյութում՝ ռուսական հումանիտար օգնությունը տեղափոխող բեռնատարը:
