Վարում են անսթափ, ալկпհոլ օգտագործած. որքան կտուգանվեն ինքնագլոր վարողները խախտումների դեպքում. մանրամասներ

Երևանում հայտնված նոր երթևեկության միջոցները՝ ինքնագլորները (самокат), շարունակում են խնդրահարույց մնալ: 2022 թվականից մամուլում և համացանցում դրանց վերաբերյալ տարբեր բարձրաձայնումներ են լինում:

Հաշվի առնելով քաղաքացիների շրջանում առկա դժգոհությունները՝ Ներքին գործերի նախարարությունը սահմանել է օրենսդրական կարգավորումներ, որով խստացվել են ինքնագլորով և նմանատիպ շարժունակությամբ միջոցներով երթևեկության պահանջները:

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժնի ղեկավար Գայանե Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ խնդիրը կարգավորելու համար ձեռնարկված քայլերը բավականաչափ նվազեցրել են ինքնագլորով տուժածների գրանցման դեպքերը։

Ըստ նրա՝ 2025 թվականի մինչև հունվարի 16-ը գրանցվել է ինքնագլորից տուժելու միայն 1 դեպք․ 30-ամյա քաղաքացին ստացել է վերջին վերջույթի սալջարդ, ամբուլատոր միջամտություն է ցուցաբերվել, և նա դուրս է գրվել։

«2023 թվականին ունեցել ենք ինքնագլորներից տուժած 44 քաղաքացի, որոնց մեծամասնությունը՝ 37-ը՝ արական սեռի, 7-ը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են եղել։ Վնասվածքները 35-ի դեպքում սովորաբար եղել են թեթև մարմնական, 9-ը կոտրվածքներ է ունեցել։ Մեկը հոսպիտալացվել է, անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն՝ ստորին վերջույթի վնասվածքով»- մանրամասնում է Ստեփանյանը:

Ըստ նրա՝ հիվանդանոց դիմածներից 8-ը եղել է 0-ից 18 տարեկան, 36-ը՝ ավելի բարձր տարիքի:

«2024 թվականին խնդրի զգալի նվազում ենք ունեցել. 33 քաղաքացի է միայն տուժել, որից՝ 0-ից 18 տարեկան եղել է վեց պացիենտ, բոլորը ունեցել են թեթև վնասվածքներ, բուժօգնություն են ստացել ամբուլատոր կարգով և դուրս գրվել։ Ուշագրավ է եղել դեկտեմբեր ամսվա գրանցված դեպքը․ երկու անչափահաս երիտասարդներ վնասվածքներ էին ստացել, քանի որ միասին մեկ ինքնագլոր վարելիս բախվել էին մեկ տրանսպորտային միջոցի։ Մեր հիվանդանոցում տացել են առաջնային բուժօգնությունն ու տեղափոխվել մանկական ԲԿ-ներ, վիճակներն այժմ կայուն է»,- ասում է մասնագետը։

Վերջինս նշում է, որ վնասվածքները հիմնականում ստանում են թե՛ ինքնագլոր վարողները, թե՛ հետիոտները։ Հիվանդանոցում գրանցված դեպքերի 99 տոկոսի դեպքում տուժածները եղել են հենց վարողները։ Նրա խոսքով՝ ինքնագլորները սովորաբար վարում են երիտասարդները․ «Հետիոտի բախում մեկն ենք ունեցել, թեթև վնասվածք է եղել։ Հիմնականում վարողները բախվում են ճանապարհային պատնեշներին, կամ՝ այլ տրանսպորտային միջոցներին, ինքնավնասվում են, սխալ վարելու հետևանքով՝ կողաշրջվում»։

Բացի ինքնագլորներից, դեպքեր են գրանցվում նաև մոպեդներով տուժածների։ Այս մասով վիճակագրությունը չի հստակեցվում, սակայն մասնագետն ասում է՝ դեպքերը բավականին շատ են․ «Զգալի չափ են կազմում հատկապես բեռ տեղափոխողները, արագ վարողները։ Մեկ դեպք ենք ունեցել, անսթափ վիճակում է եղել, վրայից ալկոհոլանման հոտ է եկել»։

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժնի ղեկավար Գայանե Ստեփանյանն ընդգծում է՝ եթե համեմատում ենք տարբեր տարիների տվյալները, ապա նկատում ենք դեպքերի նվազում։ Նա ճիշտ է համարում այն մոտեցումը, որը նախատեսել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը՝ ինքնագլորով և նմանատիպ շարժունակության միջոցներով երթևեկության պահանջները խստացնելու համար։ Մասնագետը վստահ է՝ եթե քաղաքացիները պահեն ինքնագլորներով երթևեկելու տարրական կանոններն, ապա դեպքերը զգալի անկում կապրեն։

Իսկ ի՞նչ է նախատեսել ՀՀ ներքին գործերի նախարարությունը

Խնդրի ի հայտ գալուց ի վեր Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ կառույցը երբեք չի միջամտել ինքնագլորների հետ կապված որևէ հարցի, որովհետև դրանք ներկրվել են մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ, քաղաքապետարանը որևէ փաստաթղթի կամ կանոնակարգման հետ գործ չի ունեցել և ազդելու որևէ լծակ չունի։ Բարձրացված բողոքների, մտահոգիչ վիճակագրության ի հայտ գալուց հետո միայն ոստիկանությունում աշխատանքային խորհրդակցություն էր անցկացվել, որին մասնակցել էին ՀՀ ոստիկանության պետն ու 2022 թվականին Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը։ Քննարկված հարցերից էին հենց մոպեդների և ինքնագլորների երթևեկության հետ կապված խնդիրները։ Դրանից հետո նախաձեռնվեց օրենքի նախագիծ։ 2024 թվականին ՀՀ ներքին գործերի նախարարությունը հանդես եկավ օրենսդրական կարգավորումներով և տեղեկացրեց, թե ինչ է նախատեսված իրականացնել։

Ի՞նչ է նշանակում անհատական շարժունակության միջոց։

Ներքին գործերի նախարարության օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է Անհատական շարժունակության միջոց հասկացությունը։ Այն մեկ կամ մի քանի անիվ ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար, օրինակ՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գերոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ։

Ովքե՞ր կարող են օգտագործել անհատական շարժունակության միջոցներ

Անհատական շարժունակության միջոց վարելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք։
Մինչև 18 տարեկան անձանց կողմից, բացառությամբ 16 տարին լրացած և AM ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց, անհատական շարժունակության միջոցներով երթևեկության թույլատրելի վայրերը սահմանում է համայնքի ավագանին:

Ո՞ր հատվածներում է թույլատրվում անհատական շարժունակության միջոցների երթևեկը

Անհատական շարժունակության միջոցներով երթևեկությունը թույլատրվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար նախատեսված գոտիով, դրանց բացակայության կամ դրանցով երթևեկելու անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված այլ վայրերում: Երթևեկելի մասում ինքնագլորների երթևեկությունը թույլատրվում է մեկ շարքով։

Անհատական շարժունակության միջոցները վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար նախատեսվում է պարտավորություն, որպեսզի բացառեն այդ միջոցները բնակավայրերի սահմաններում կամ համայնքի ավագանու արգելած վայրերում 25 կմ/ժ-ից ավելի արագությամբ վարելը։

Արգելվում է

Արգելվում է անհատական շարժունակության միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ։ Բացառություն է, եթե այն պահվում է առանց ձեռքերի օգտագործման, օրինակ՝ ուսապարկ կրելը։

Արգելվում է վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին։

Ի՞նչ տուգանքներ են նախատեսված

Եթե ապրանքների առաքում իրականացնող անձը առանց սաղավարտի կամ չկոճկած սաղավարտով է վարում հեծանիվը, մոպեդը կամ ինքնագլորը, ապա նախատեսված է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով։

2025 թ․ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում նաև կարգավորումը, ըստ որի՝ եթե անհատական շարժունակության միջոցը օրենքով սահմանված կարգով կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք՝ կազմակերպությունների համար նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։

Կարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո (2024 թվականի նոյեմբերի 24) անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար Պարեկային ծառայության կողմից կազմվում են արձանագրություններ։

Կիսվել սոց․ ցանցերում