Վրաստանի նախագահը ներում է շնորհել 613 դատապարտյալի

Աղմկահարույց քաղաքական գործընթացների արդյունքում Վրաստանի նախագահ դարձած Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել ավելի քան 600 դատապարտյալների, ինչը նախագահական նախորդ համաներումներից զգալիորեն մեծ թիվ է:

Կիրակի Կավելաշվիլին Ֆեյսբուքում հայտնել է, որ Տեառնընդառաջ տոնի առիթով ներում է շնորհել 613 բանտարկյալի:

«Մարդասիրական բացառիկ կարեկցանքով ներում ստացած անձանց հնարավորություն տրվեց վերադառնալ իրենց ընտանիքներ և կրկին դառնալ հասարակության լիարժեք անդամ»,- ասված է կարճ հայտարարությունում:

Կավելաշվիլիի հայտարարության մեջ չի նշվում ներում ստացածների կատարած հանցագործությունների տեսակները, սակայն Ազատություն ռադիոկայանը հաղորդում է, որ հրամանագրով ազատ են արձակվել էապես ավելի մեծ թվով մարդիկ՝ նախորդ նախագահական համաներումների համեմատ:

Նախկինում ներումները տրվում էին հատուկ հանձնաժողովի կողմից, որը վերացվեց 2019-ին: Այսօր Նախագահի վարչակազմի ենթակայության տակ գտնվող դեպարտամենտն է պատրաստում գործը՝ նախագահի կողմից դատապարտյալի ներման հարցը քննարկելու համար:

Վրաստանի օրենսդրությունը սահմանում է չափանիշների երկար ցանկ, որոնք պետք է հաշվի առնվեն դատապարտյալին ներում շնորհելիս, այդ թվում՝ նրանց հանցագործության շարժառիթը, նպատակը և հետևանքը, դատապարտյալի անցյալը, առողջական վիճակը, կալանքի տակ գտնվելու ընթացքում վարքագիծը և այլն: Նախագահները նաև պետք է տարբերակեն հանցագործությունների տեսակները՝ նախքան դատապարտյալին ներում շնորհելու որոշում կայացնելը:

Դատապարտյալները կարող են դիմել ներման համար, որից հետո նախագահի աշխատակազմը պետք է ապահովի բոլոր փաստաթղթերի առկայությունը նախագահի դիտարկման համար մեկ ամսվա ընթացքում: Անհրաժեշտ փաստաթղթերի համար նշանակված գործակալությունները պետք է դրանք ուղարկեն նախագահի գրասենյակ երկու շաբաթվա ընթացքում:

Քանի որ Կավելաշվիլիի երդմնակալությունից անցել է ընդամենը երեք շաբաթ, լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հարցեր են առաջացել, թե ինչպես է նախագահին հաջողվել վերանայել և հաստատել այդքան մեծ թվով գործեր:

«Որևէ մեկը հավատո՞ւմ է արդյոք, որ պարոն Կավելաշվիլին մեկ ամսից պակաս ժամանակում վերանայել է 613 բանտարկյալի գործ»,- սոցիալական ցանցում գրառմամբ հարցրել է Publika թերթի խմբագիր Զուրա Վարդիաշվիլին՝ թվարկելով այն չափանիշները, որոնք նախագահները պետք է հաշվի առնեն ներում շնորհելիս:

Քննարկմանն ի պատասխան՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարներից Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ Կավելաշվիլին դատապարտյալներին ներում է շնորհել «օբյեկտիվ հանգամանքների պատճառով»:

Նա պնդել է, որ գործընթացում ներգրավված է եղել «ամբողջ համակարգը»՝ ներառյալ արդարադատության նախարարությունը՝ նախագահի աշխատակազմի հետ միասին:

Մդինարաձեն մեղադրել է նախկին նախագահներ Միխեիլ Սաակաշվիլիին, Գիորգի Մարգվելաշվիլիին և «ինքնահռչակ ժամանակավոր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին նախագահական ներումների միջոցով քաղաքական և այլ տեսակի սակարկությունների» մեջ ներգրավված լինելու մեջ:

Ներումների մասին որևէ տեղեկություն նախագահի կայքում չի հրապարակվել, որը չի թարմացվել Զուրաբիշվիլիի՝ որպես նախագահ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո: Կայքում միայն նշված է, որ «տեղեկությունները թարմացվում են»:

Միխեիլ Գվաձաբիա, OC Media

Կիսվել սոց․ ցանցերում