Այն փաստաթուղթը, որը ստորագրվել և երկկողմ հաստատվել է, այնտեղ ֆիքսված է, որ անկլավների հարց չկա:
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե սահմանազատումը հյուսիսից շարունակելու դեպքում Տավուշի անկլավներն արդյոք հանձնվելու են:
«Բացի այդ, մենք անկլավների քննարկման հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում, ոչ մի խնդիր, կա Արծվաշենը՝ ֆիքսված անկլավը, մեր հայկական անկլավը, և ոչ մի խնդիր չենք տեսնում որևիցե փուլում այդ քննարկումը սկսելու: Չենք կարծում, թե դա օրակարգային մի հարց է, որի շուրջ մենք պետք է ինչ-որ ձևով անհանգստանանք կամ որևիցե մտավախություն ունենանք»,- ասաց նա:
Սիմոնյանը շեշտեց՝ Հայաստանի համար շատ կարևոր է, որ իրավական փաստաթղթավորում լինի բոլոր այդ տարածքների հետ կապված:
«Կնայենք, եթե այդ տարածքներն իրավական փաստաթղթավորում ունեն, մենք ոչ մի խնդիր չենք տեսնում: Ինչ վերաբերում է ճանապարհներին, Արծվաշենը նույնպես գտնվում է անկլավային կարգավիճակում և Արծվաշենը նույնպես ճանապարհի խնդիր պետք է լինի»,- ընդգծեց նա:
Ըստ ԱԺ խոսնակի՝ սահմանազատումը կշարունակվի հյուսիսից մինչև ներքև:
