ՄԵԶ ԿԵՐԵՔ, ՊՐԾԵՔ․․․

Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կոկորդ էր պատռում․ «Բա նորմալ մարդը իրա հասցեին այդպիսի դիֆերանտներ կվերցնի՞»։ Այսօր նայում եմ ադ տեսանյութը և չեմ հասկանում, թե ինչ է նշանակում դիֆերանտ։ Հավանաբար դիֆերենտն է, որը նշանակում է ջրի մակերևույթի նկատմամբ նավի երկայնակի թեքման անկյունը, որն առաջանում է քթի և նավախելի թաղվածքի տարբերությունից։ Դե լեզուն ինչ եկել, ասել է, որ ավելի գիտակ երևա։ Ինչևէ, հիմա կարդում եմ  ընդհանուր հայտարարագրի մասին գրված իր «ատենախոսությունը» ու դրա տակ արված անթիվ հայհոյանքները, դիֆերենտները   և  նույն հարցն եմ ուզում տալ՝ բա նորմալ մարդը իրա հասցեին այդպիսի դիֆերենտներ կվերցնի՞։ Մարդիկ պարզ հարց են տալիս՝ «Այսինքն վերևներում թալանող չգտաք,  որոշել եք ժողովրդի մեջ որոնե՞լ»,  « Հերիք մտնեք խեղճ ժողովրդի գրպանը։ Հայտարարագրեք ձեզ ու ձեր նմաններին , ունևորերին։ Չեք թողնում մեր հալալ քրտինքով, աշխատանքով գոյատևենք», « Տեսար՝ նախկին ու ներկայից չես կարում,  հիմա անցար խեղճ ժողովուրդի ջանին», «Ի՞նչ ես ընկել ժողովրդի ջանին»։ Սրանք ամենանուրբ բառերն են, որոնք ուղղվում են իրեն, ընդհանուր բովանդակությունը սա է։ Հայհոյանքների բաժինը տասը հատորանի է, հնարավոր չէ մեկնաբանել։ Ժողովրդական աղը՝ հայհոյանքը այնքան են լցրել ճաշի մեջ, որ հնարավոր չէ ուտել։ Հիմա մեզ ասեք՝ ո՞նց եք դիմանում հայհոյանքներին։ Ի՞նչն է ձեզ պահում աթոռին։ Ձեր նպատակը նշեք, չնայած մարդիկ խոսում են բոլորիս դուրումով ուտելու ձեր ցանկության մասին։ Այդ թեմայով բլոգերություն արեք, միլիոններով դիտում կլինի։ Համ էլ չմոռանաս քո տիկտոկյան էջը հայտարարագրես, այդպես են հուշում,- նորմալ էլ բլոգեր ես։

Օգտատերերից մեկը նպատակիդ մասին անուղղակի հայտնում է․ «Թագավորն ասում է՝ աղքատության հարցը ինչպե՞ս լուծենք , որ էլ աղքատներ չլինեն, խորհրդականը հուշում է, թող հարուստները ուտեն աղքատներին։ Համ աղքատներ էլ չեն լինի,  համ էլ հարուստները գոհ կլինեն, հիմա ձերն է ՝ վարկերի տակ ճռռացող ժողովրդին ասում եք՝ հայտարարագիր, գրի կապ չունի որ մենակ աշխատավարձ ես ստանում ու ասենք 100 դոլար նվեր։  Սխալ հասցեով եք դիմում , դուք էլ լավ գիտեք՝ ովքեր ինչեր ունեն , ինչքան ունեն , որտեղից ունեն»։ Լավ առաջարկ է՝ մեզ կերեք, պրծեք․․․ Դուք ուտողն եք, մենք կերը։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4d55e8a0aef6e4d82010fdb3d476c86c?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2_WHi2J0fLUS55SnUB5uRkqaOH4Wjd8z06ItWWOW_EbOhHydQ4m1j5pYQ_aem_nr0lUEq0c1zAHiSgAcO0Cw

 

Կիսվել սոց․ ցանցերում