Արևմտյան մամուլը տարածել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սոցցանցային գրառումը, որ փորձագետների կողմից գնահատվել է որպես Վլադիմիր Պուտինին ներկայացված «վերջնագիր», կամ նա համաձայնում է Ուկրաինայում հրադադարի հաստատման «Քելոգի պլանին» կամ Ռուսաստանի համար «ավելի վատ է լինելու»:
Որ ԱՄՆ 47-րդ նախագահն այդ հարցում «կովբոյի» բնավորություն է դրսևորելու՝ հասկանալի դարձավ պաշտոնամուտից հետո առաջին մամուլի ասուլիսին նրա այն ձևակերպումից, թե կարծում է, որ Պուտինը պատերազմի ընթացքից տպավորված չէ: Սոցցանցային գրառմամբ Թրամփն արտահայտվել է ավելի պարզ, Պուտինը ծրագրել էր մեկ շաբաթվա մեջ գրավել Կիևը, բայց պատերազմը շարունակվում է արդեն երեք տարի:
Միացյալ Նահանգների նախագահի գնահատմամբ՝ պատերազմն Ռուսաստանի տնտեսությունը տանում է կործանման, և հրադադարի առաջրկությամբ ինքը Պուտինին մեծ ծառայություն է մատուցում: Հակառակ դեպքում նա ստիպված կլինի Ռուսաստանից ԱՄՆ արտահանումների բարձր մաքսատուրքեր և տնտեսական պատժամիջոցներ կիրառել, այդ թվում և՝ ներգրավված այլ երկրների դեմ:
Կարելի է, իհարկե, վարկածել, որ Թրամփի հարձակողական տոնը «դիվանագիտական հնարք» է, իրականում նաև և Պուտինը «նույն նավում են»,- ինչպես մանավանդ հայաստանյան որոշակի շրջանակների ներքաղաքական շահերն սպասարկող փորձագետները և վերլուծաբաններն են վարվում:
Բայց իրական քաղաքական ռեժիմում ԱՄՆ նախագահը կայացրել է որոշում՝ նշանակել է Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց, որ նույն Քելոգն է և նրա առջեւ խնդիր է դրել հարյուր օրում հասնել կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության: Թրամփի սոցցանցային գրառման գլխավոր ուղերձն այն է, որ այդ ընթացքում նա Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպում չի ծրագրում:
Պուտինից նա ակնկալում է համարժեք քայլ՝ ուկրաինական կարգավորման հարցով հատուկ բանագնացի նշանակում, ինչից պետք է հաջորդեն զուտ աշխատանքային քննարկումները: Մոսկվան, մինչդեռ, առաջնորդվում է «Նոր Յալթա» կազմակերպելու տեսլականով, անշուշտ, առանց եվրոպական կողմի մասնակցության, զուտ ռուս-ամերիկյան գագաթաժողով և ազդեցության գոտիների վերաբաժանում:
Թրամփն իր սոցցանցային «ողջույնով» փակել է այդ հեռանկարը, երբ վերահաստատել է, որ ֆաշիզմի դեմ հաղթանակը Միացյալ Նահանգների նվաճումն է, Ռուսաստանը (Խորհրդային Միությունը) միայն օժանդակել է, օգնել: Եթե որևէ այլ պետության առաջնորդ իրեն նման գնահատական հնչեցնելու իրավունք վերապահեր, Ռուսաստանի ԱԳՆ-ն, մամուլը, փորձագիտական հանրությունը նրան անարգանքի սյունին կգամեին:
Բայց բնորոշումն արել է Միացյալ Նահանգների նախագահը, և ՏԱՍՍ պետական գործակալությունը Թրամփի սոցցանցային գրառման հատկապես այդ հատվածն է ներկայացրել: Իհարկե, որոշակի կրճատումներով, մեջբերված է միայն մի նախադասություն, որ ինքը սիրում է Ռուսաստանի ժողովրդին և նախագահ Պուտինի հետ միշտ լավ հարաբերություններ է ունեցել:
Սա արդեն խորհրդային ՏԱՍՍ-ի ոճն է, որ միայն մի բան է վկայում. Թրամփի «կովբոյական բնավորության» այդ դրսևորումը Մոսկվայում հաշվարկված չէր, նրա «վերջնագիրն» անսպասելի և չափազանց խնդրահարույց է, գնալ շփման ներկայիս գծով Ուկրաինայի հետ պատերազմի դադարեցման, նշանակում է ֆաշիստական ռեժիմի հսկողության ներքո թողնել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական տարածքի մի զգալի մասը: Չէ՞ որ սահմանադրական փոփոխություններ են կատարվել, և Պուտինը խնդիր է դրել հասնել այդ ամբողջ տարածքներից ուկրաինական զորքերի դուրսբերմանը:
Չգնալ «գործարքի», նշանակում է շարունակել պատերազմը: Թրամփն ասում է, որ այդ դեպքում Ռուսաստանի համար «ավելի վատ է լինելու»: Պուտինը կարո՞ղ է անտեսել Թրամփի նախազգուշացումը: Ռուսական հայտնի խոսք կա. «за что боролись, на то и напоролись», որ, թերևս, բնորոշում է Պուտինի համար ստեղծված իրավիճակը. կարծում էին՝ Թրամփը կհանձնի Ուկրաինան, իսկ նա Ռուսաստանի համար բացարձակապես անցանկալի պայմաններով ընդամենը հրադադար է «պարտադրում»:
