Մեքսիկան մերժել է ամերիկյան ռազմական ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը՝ ժամանակավորապես խափանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ անօրինական միգրանտներին արտաքսելու ծրագրերը: Այս մասին հաղորդում է NBC News-ը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու C-17 ինքնաթիռ, որոնք տեղափոխում էին արտաքսված միգրանտներ, մեկնել են Գվատեմալա: Երրորդ չվերթը, որը նախատեսված էր դեպի Մեքսիկա, այդպես էլ չի իրականացվել: Մեքսիկայի կառավարության կողմից մերժման պատճառները դեռ չեն նշվում։
Մեքսիկայի կառավարությունը հայտարարել էր, որ դեմ է ԱՄՆ-ի միակողմանի միջոցառումներին, ներառյալ «Մնա Մեքսիկայում» քաղաքականության վերսկսմանը:
Հունվարի 20-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին արտակարգ դրություն մտցնելու մասին։ ԱՄՆ առաջնորդն ասել է, որ դա թույլ կտա զորքեր ուղարկել հարավային սահման՝ անօրինական միգրանտների երկիր «աղետալի ներխուժումը ետ մղելու համար»։ Նախկինում հանրապետականը բազմիցս հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման և անօրինական միգրանտների հարկադիր արտաքսման օգտին։