Ռուսաստանում 2024 թվականին, ոչ պակաս, քան 45 լրագրող ենթարկվել է քրեական հետապնդման։ 23 թվականի համեմատությամբ այդ թիվը աճել է երկու անգամ։ 23 թվականին քրեական հետապնդման է ենթարկվել 23 լրագրող։ Այս մասին տեղեկանում ենք «ԶԼՄ-ների իրավունքների պաշտպանության կենտրոնի» հրապարակած տվյալներից։ Քրեական հոդվածները, որոնցով հետապնդման են ենթարկվել լրագրողները Ռուսաստանում հետեւյալն են՝ «գործակալի համար նախատեսված պարտականությունների չկատարումը», «բանակի մասին կեղծ լուրերի տարածումը», «ծայրահեղական միավորումներին մասնակցությունը», «ահաբեկչության արդարացումը»։
Անցյալ տարի նաեւ առաջին անգամ լրագրողի դեմ հարուցվեց քրեական գործ՝ «ոչ ցանկալի կազմակերպության գործունեության կազմակերպման» հոդվածով։ Այս գործով ֆիգուրանտը «Նովայա Գազետա-Եվրոպա» թերթի գլխավոր խմբագիր Կիրիլ Մարտինովն էր։ Ռուսական իշխանությունները նաեւ 12 քրգործ են հարուցել արտասահմանյան լրագրողների դեմ, ովքեր լուսաբանել են Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի ներխուժումը։
