Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ ընդհանուր 108 մլրդ դոլար են կորցրել չինական DeepSeek ընկերության նոր DeepSeek-R1 արհեստական բանականության չաթբոտի հաջողության պատճառով: Խոշոր տեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերի գները DeepSeek-ի հաջողության ֆոնին զգալի նվազել են: Չիպերի ամերիկյան արտադրող Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի կարողությունը նվազել է 20,1, Oracle Corp-ի համահիմնադիր Լարի Էլիսոնինը՝ 22,6, Dell-ի հիմնադիր Մայքլ Դելինը՝ 13, Binance-ի հիմնադիր Չանգպեն Չժաոյինը՝ 12,1 միլիարդ դոլարով, գրում է Bloomberg-ը: Հիշեցնենք, որ չինական DeepSeek ընկերությունը թողարկել է անվճար չաթբոտ, որը խուճապ է առաջացրել Սիլիկոնային հովտում ներդրողների շրջանում, ինչպես նաև մի շարք թեստերում գերազանցել է ամերիկյան Open AI ընկերության ChatGPT արհեստական բանականության հավելվածը, գրում է bbc.com-ը: Արհեստական բանականության չինական DeepSeek-R1 հավելվածը դարձել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Չինաստանում Apple App Store-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող անվճար հավելվածը: Դրա շուրջ առաջացած մեծ հետաքրքրությունը փաստացի մարտահրավեր է նետում լայն տարածում գտած համոզմունքին, որ ԱՄՆ-ն արհեստական բանականության ոլորտում անվիճելի առաջատարն է: Ինչպես նշում է DeepSeek-ը, նոր չաթբոտն օգտագործում է ավելի էժան չիպեր և հիմնվում ավելի փոքր տվյալների վրա: ԱԲ օգնականը հիմնված է բաց կոդով DeepSeek-V3 մոդելի վրա, որն ըստ հետազոտողների մշակվել է 6 միլիոն դոլարից էլ պակաս գնով, ինչը զգալիորեն ավելի քիչ է, քան մրցակիցների կողմից նմանատիպ մշակումների վրա ծախսված միլիարդները: Այնուամենայնիվ, այս պնդումը վիճարկվում է ԱԲ-ի բնագավառի այլ փորձագետների կողմից: DeepSeek-ը խուճապ է առաջացրել ֆոնդային շուկայում։ Երկուշաբթի առավոտյան Եվրոպայում Nasdaq 100 էլեկտրոնային ֆոնդային բորսայում ֆյուչերսների գինը նվազել է 2,6%-ով, S&P 500-ում՝ 1,4%-ով: Ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերության արժեթղթերի գինը նվազել է գրեթե 10%-ով։ Արհեստական բանականության ոլորտում ներդրումների ուղղությամբ կողմնորոշված SoftBank Group-ի արժեթղթերի գինը նվազել է ավելի քան 8%-ով։ DeepSeek-ը հիմնադրել է չինացի միլիարդատեր և High-Flyer ներդրումային հիմնադրամի կառավարիչ Լիանգ Վենֆենգը: Deepseek-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է High-Flyer-ի կողմից և չի նախատեսում միջոցներ հայթայթել ներդրողներից: Ընկերությունը «կենտրոնացած է հիմնարար տեխնոլոգիաների ստեղծման վրա, այլ ոչ թե կոմերցիոն հավելվածների: Այն պարտավորվել է ապահովել բաց կոդ իր բոլոր մոդելների համար, գրում է ChinaTalk պորտալը։ R1 ձևաչափով DeepSeek չաթբոտի թողարկումը բուռն բանավեճ է առաջացրել Սիլիկոնյան հովտում, թե արդյոք ԱՄՆ արհեստական բանականության ընկերությունները, ներառյալ Meta-ն և Anthropic-ը, կարող են պաշտպանել իրենց տեխնիկական առավելությունը:
Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ ընդհանուր 108 մլրդ դոլար են կորցրել չինական DeepSeek չաթբոտի հաջողության պատճառով
